Ատոմ Ջանջուղազյանը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից՝ շուրջ 34 տարի։ 1999-2016 թթ. նա զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը, 2016-2018 թվականներին՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
2018-2021 թվականներին Ատոմ Ջանջուղազյանը պաշտոնավարել է որպես ֆինանսների նախարար, իսկ 2022 թվականի մարտի 2-ին ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։
Ջանջուղազյանը իր՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ ունի 1 անհատական բնակելի տուն, որը ձեռք է բերել 2008 թվականին Երեւանում։
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ դառնալուց հետո Ատոմ Ջանջուղազյանը ձեռք է բերել 21 մլն դրամ արժողությամբ MITSUBISHI մակնիշի մեքենա։
Հաշվեքննիչ պալատի նախագահի բանկային ավանդները կազմել են 8 մլն եւ 8 հազար ԱՄՆ դոլար։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար եվրո, 2 հազար ԱՄՆ դոլար, գրեթե 1 մլն դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 31 հազար եվրո, 11 հազար դոլար, 5,8 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 103 հազար դրամ, որից 24 մլն 845 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ հաշվեքննիչ պալատից, 3 մլն 908 հազար դրամը շահաբաժին է «ԿԱՐԲԻ ՋՐՀՈՍ» ՀԷԿ-ից։ Եկամուտների մյուս մասը վարկեր են։
Հիշեցնենք նաեւ, որ երբ Ատոմ Ջանջուղազյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար էր ՔՊ-ականների օրոք, իր սանիկին՝ Կարեն Բրուտյանին, նշանակել էր ֆինանսների փոխնախարար եւ ստացել (ինչպես մամուլն այն ժամանակ գրում էր) աստղաբաշխաական պարգեւավճարներ՝ մոտ 7 մլն դրամ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































