Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։
Բացենք չակերտները եւ ասենք, որ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) եզրույթը մերժած ՔՊ-ականը երեկ Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակեց Արտյոմ Սմբատյանին։
Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, որը առողջապահության փոխնախարար է եղել հենց Թորոսյանի օրոք։ Սմբատյանը նաեւ նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Հիմա էլ Թորոսյանի կադրային ջարդը կարծես թե համալրվում է ծանոթներով, բարեկամներով եւ սանիկներով։
Հարկ է նշել, որ հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները, եւ անկազմակերպվածության պատճառով խլվեցին կյանքեր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը չհանդուրժեց հարբեցողությունն ու հակաիշխանական թեզերը, սակայն հանդուրժում է անբարոյական պահվածքը։ Վերջերս ՔՊ-ում, ասում են, մաքրման գործընթաց է իրականացվում, եւ SMS-ով մանդատներ են վայր դրվում։ Վերհիշենք՝ ովքեր լքեցին ՔՊ-ն եւ ում չներեցին կուսակցությունում: Առաջիններից Հովիկ Աղազարյանն էր, ում մեղադրեցին խմբակցությունից արված տեղեկատվական արտահոսքի համար, ապա խմբակցությունից հեռացրին Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Ազգային ժողովում «արա» ասելու համար։ Նիկոլ Փաշինյանը այս քայլերը չներեց Աղազարյանին. մանդատը թողեց, բայց այնպես արեց, որ նա լքի խմբակցությունը։ Այս միջադեպը տեղի էր ունեցել նախորդ տարի հոկտեմբերին, երբ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովն էր լսումներ կազմակերպել։ Հաջորդ աքսորյալը Նարեկ Զեյնալյանն էր, որը մեղադրվեց նույն միջադեպով՝ «կուռաժիտ լինել» ոչ այնքան լսելի ձեւակերպման համար, եւ չներվեց թիմի կողմից: Զեյնալյանն էլ SMS-ով լքեց խորհրդարանը։ Օրերս էլ նա մասնակցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին եւ հաղթող չճանաչվեց։ Նրանց հաջորդեց Հակոբ Ասլանյանը: Հեռացվեց ՔՊ-ից՝ նստելով Աղազարյանի կողքին: SMS-ով մանդատազուրկ եղած 3-րդ պատգամավորը Վիլեն Գաբրիելյանն էր, որ մարտի 30-ին Գյումրու ընտրություններից հետո՝ կեսգիշերն անց, պատգամավորին ոչ հարիր վարք դրսեւորեց։ Գաբրիելյանը ալկոհոլի ազդեցության տակ հայհոյում, անբարո պահվածք էր ցուցաբերում լրագրողների եւ հավաքվածների նկատմամբ։ Հաջորդ օրն իսկ Գաբրիելյանը մանդատը վայր դրեց, իբրեւ թե նրա կամքն է եղել, սակայն քաղաքական հրահանգը գիշերը ստացել էր արդեն նախկին պատգամավորը։
Առողջապահության պետպատվերների ոլորտը հրավտանգ վիճակի հասցրած առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է։ Ըստ փոխնախարարի հայտարարագրի՝ ամուսինը ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ԿՎ ՕԳՎ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ է։ Հնարավոր է՝ հենց ամուսինն էլ նրան փրկի հետագա պատասխանատվությունից։ Նանուշյանի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ չափահաս որդին՝ Սերգեյ Մխիթարյանը, աշխատում էր ՄԱԿ-ի ՄԶԾ-ում։ Այժմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, որդին աշխատում է «Գլոբալ հիմնադրամ»-ում։ «Հետք»-ը վաղուց հոդված էր հրապարակել, որ «Հայաստանը կորցրել է կես միլիոն դոլար, եւ մոտ 150 հազար դոլարի դեղորայք ժամկետանց է դարձել»: Նշվում էր, որ «Գլոբալ հիմնադրամի» ծրագիրն իրականացվել է բազմաթիվ չարաշահումներով: Մասնավորապես, մեկուկես տարի շարունակ ծրագրից աշխատավարձ է ստացել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը: Թե ինչպես է փոխնախարարի որդին հասել չարաշահումներով հայտնի գրասենյակ, պարզ չէ։
Հայաստանում վարորդական վկայական ստանալը դարձել է պատուհաս ապագա վարորդների համար։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պնդում էին, որ վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս՝ «Սեւանի» եւ «Աբովյանի» ՀՔԲ-ներում։ Ահազանգած քաղաքացին բացատրեց հետեւյալ խնդիրը. «Ես դրական արդյունք եմ ունեցել տեսական քննության ժամանակ։ Քննությունը հանձնել եմ օգոստոսին։ Հաջորդ օրն իսկ ցանկացա գրանցվել գործնական քննության, սակայն «Սեւանի» ՀՔԲ-ում հերթը միայն ինձ կհասներ փետրվարի 2-3-ին։ Մտածեցի՝ սպասեմ, նոր օրենքի ընդունումից հետո, հնարավոր է, օրեր ազատվեն։ Եկավ սեպտեմբերը, առաջին մեկ շաբաթում օրեր չազատվեցին։ Հիմա էլ նայում եմ՝ հերթն արդեն հասել է փետրվարի 27-28: Եթե հայտնի թեզին հավատանք, որ «առաջին անգամ ոչ ոք չի ստանում», ապա 2-րդը եւս կլինի 6 ամիս անց, ու կլրանա իմ տեսական քննության ժամկետը։ Ստացվում է, որ էս նոր օրենքն էլ է բյուջե լցնելու համար. փողը տանք՝ ստանանք, կաշառքը օրինականացվել է, էլի»,- վրդովված պատմում է ահազանգողը։ Նոր օրենք ասելով՝ քաղաքացիները նկատի ունեն, որ այսուհետեւ հնարավոր է վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաեւ բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։



















































































