Armenian text to speach

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԱԺ ՄԻՋԱԴԵՊԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը վիրավորական և զրպարտիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։

«Ժողովուրդ» օրաթերթը այս անընդունելի պահվածքի վերաբերյալ զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ, որը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Արթուր Հովհաննիսյանից «ներողություն» բառը չի ակնկալում։

-Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս կմեկնաբանեք Արթուր Հովհաննիսյանի՝ պատգամավորին եւ տղամարդուն ոչ վայել արտահայտությունները, որոնք հնչեցրել է ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին:

-Այդպիսի վարքագիծ դրսեւորող մարդը չի կարող ներողություն խնդրել։ Նախ՝ նա չի հասկանալու իր սխալը։ Նման վարքագիծ չի կարող դրսեւորել բարոյական նորմեր կրող մարդը։ Սեփական արժանապատվություն ու առհասարակ «մարդու իրավունք» հասկացություններից նվազագույն գիտելիք ունեցող մարդը չի կարող անել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք բազմիցս արել է Արթուր Հովհաննիսյանը։ Համոզված եմ, որ այս իշխանությունների գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու մի տարբերակ կա՝ ուղղակի չվերընտրել նրանց։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ է, որ նրանք իրենց պահում են որպես ավտորիտար իշխանություն, իսկ 2026 թվականին վերընտրվելուց հետո դառնալու են դիկտատուրա։ Դիկտատուրա, որը հնարավոր չի լինելու համեմատել այլ ռեժիմների հետ։ Նրանք իրենց խոսույթով, վարքագծով ամենօրյա ռեժիմով ապացուցում են դա։

-Տիկի՛ն Կարապետյանց, կարծում եք, որ ՔՊ-ական պատգամավորը իր մանդատը վայր չի՞ դնելու եւ շարունակելո՞ւ է իր պաշտոնավարումը:

-Իհա՛րկե չի դնելու։ Եթե Ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու երեսին եւ պատժի չի ենթարկվում, եթե վարչապետը հակասահմանադրական գործողություններ է անում ու պատասխանատվության չի ենթարկվում, ապա ինչպե՞ս կարող է Արթուր Հովհաննիսյանը պատժվել, եթե ըստ իրենց «մի կին պատգամավորի վերաբերյալ» վիրավորական եւ խուլիգանական պահվածք է դրսեւորել «ընդամենը»։ ՔՊ-ի համար այս երիտասարդը բնորոշ եւ համապատասխան կադր է։ Նրա վարքագիծը բխում է իր «շեֆության» վարքագծից. ուստի բնականաբար նրան ատամներով պահելու են։

Քանի դեռ մենք չունենք այնպիսի դատական համակարգ, որն իրապես անկախ է, պատասխանատվության ենթարկելու հարցերը չենք կարողանալու լուծել։ Եթե հասարակությանն իսկապես անհանգստացնում է այս վարքագիծը, ապա կա մեկ տարբերակ. 2026 թվականին այս մարդկանց չընտրել եւ վերջ։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ




Լրահոս