2025 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի կունենա Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը։ Նախագահի միակ թեկնածուն Սիմոն Բաբայանն է, ում հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբանական համայնքում տիրող իրավիճակի եւ իր՝ «բացառիկ թեկնածուի» գործոնի մասին։
-Պարո՛ն Բաբայան, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Դուք միակ թեկնածուն եք։ Դա վստահությա՞ն, թե՞ մրցակցության բացակայության նշան է։
-Երեւի թե այս դեպքում բացառիկություն ասվածն ընդգծված է։ Կա երկու հանգամանք։ Առաջինը՝ կարծում եմ, մեր գործընկերները վստահում են այն թիմին, որը ներկայումս իրականացնում է աշխատանքներ փաստաբանական համայնքում։ Հավանաբար հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է, որ այլ թեկնածու չի առաջադրվել։ Միաժամանակ պետք է նշեմ, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով հասարակությունը հանրային գործընթացներին այսօր ավելի պասիվ է մասնակցում, եւ գուցե այդ պասիվությունը նույնպես իր ազդեցությունն ունի։ Բայց, այնուամենայնիվ, հիմնական գործոնը վստահությունն է։
-Հայաստանի փաստաբանական համակարգը հաճախ արժանանում է քննադատության ինչպես պետության, այնպես էլ հասարակության կողմից։ Ի՞նչ խնդիրներ եք անձամբ Դուք տեսնում համակարգի ներսում։
-Չէի ասի, թե մեր հիմնական խնդիրները համակարգի ներսում են։ Ավելի շատ դրանք առնչվում են հանրային ընկալմանը։ Չեմ ցանկանում սա հնչի որպես ինքնագովեստ, բայց Հայաստանի փաստաբանությունը կայացած ինստիտուտ է՝ ոչ միայն մեր երկրի մակարդակով, այլեւ միջազգային։ Օրինակ՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի փաստաբանական համակարգը համարվում է չափանիշային։ Շատ երկրներում կցանկանային ունենալ փաստաբանների այն երաշխիքները որնք Հայաստանում առկա են։ Խնդիրը, ըստ էության, վերաբերում է փաստաբանի գործունեության ընկալմանը։ Այդ ընկալումը հաճախ բավարար չէ ոչ միայն հասարակության, այլեւ պետական համակարգի կողմից։
Ակտիվ փաստաբանը ենթադրում է իրավունքների պաշտպանություն եւ գործուն մասնակցություն։ Շատ է հնչում հարցը՝ արդյոք փաստաբանը կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Պատասխանը միանշանակ դրական է։ Փաստաբանությունը իր էությամբ քաղաքական մասնագիտություն է։ Լենինը, Լինկոլնը, Գանդին եղել են փաստաբաններ։ Ես օրինակ բերեցի այնպիսի գործիչների, ովքեր փաստաբանական անցյալ են ունեցել։ Ուստի փաստաբանի մասնագիտությունը ազատ է, եւ նա կարող է ունենալ քաղաքական տեսակետներ եւ զբաղվել քաղաքականությամբ՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։
Պետք է նաեւ նկատի ունենալ, որ փաստաբանի աշխատանքը չի սահմանափակվում միայն դատարանում հանդես գալով կամ փաստաթուղթ կազմելով։ Այն ներառում է նաեւ հրապարակային գործունեություն, քանի որ ժամանակակից իրավական պաշտպանությունը պահանջում է գործիքների բազմազանություն։ Միայն այդպես է հնարավոր արդյունավետորեն պաշտպանել վստահորդի շահերը։
-Պարո՛ն Բաբայան, վերջին շրջանում արձանագրվեցին դեպքեր, երբ փաստաբանները ոչ միայն ծեծի ենթարկվեցին ոստիկանության քննչական մարմիններում, այլեւ կալանավորվեցին կաշառքի գործերով։ Այդ միտումը մտահոգիչ չէ՞։ Նախատեսվո՞ւմ են կանխարգելիչ քայլեր։
-Փաստաբանական համայնքում մեր առաջնային խնդիրներից մեկը ապագա փաստաբաններին կոռուպցիայից զերծ պահելու վարքագծի ձեւավորումն է։ Մենք հասկանում ենք, որ սա ամենաարատավորող երեւույթն է փաստաբանի համար։ Իրավաբանը, որպեսզի ստանա փաստաբանի կարգավիճակ, անցնում է երկար ճանապարհ՝ բուհական ուսուցում, ապա՝ Փաստաբանական ակադեմիա։ Այս ճանապարհը կարող է ձգվել մինչեւ յոթ տարի։ Եվ եթե այդքան դժվարին ուղի անցած անձը վերջում ընտրի կոռուպցիոն միջնորդի դերը, դա ոչ միայն անհարիր է մասնագիտությանը, այլեւ հակասում է այն արժեքներին, որոնք մենք պաշտպանում ենք։
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ



















































































