Սեպտեմբերի 8-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել։ Երկու անձ փորձել էին մտնել Ռոստովյան 17 հասցեում գտնվող բնակարան՝ տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանի տուն, նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել նրա հետ։
Ախոյանը, զգալով իր տան շուրջ կասկածելի շարժ ու լսելով տարօրինակ ձայներ, զենք է վերցրել եւ կրակել պատշգամբ հասած ու իր ուղղությամբ զենք պահած անձանց վրա։ Սկսվել է փոխհրաձգություն, որի ընթացքում ներխուժողներից մեկը մահացել է։ Դեպքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։
-Տիկի՛ն Գալյան, տնային կալանքի տակ գտնվող անձը, որը գտնվում էր պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո, չպետք է տանը զենք պահեր, բայց, փաստորեն, ունեցել է եւ այդ զենքով կրակել է մարդկանց վրա, ինչի հետեւանքով մեկը մահացել է։ Ուրեմն արդյո՞ք սա չի նշանակում, որ մեր արդարադատությունն ու իրավապահ համակարգը թերանում են։
-Պրոբացիոն ծառայությունը նման լիազորություն չունի։ Ի՞նչ պետք է անեին ծառայողները, նրանք չէին կարող մտնել եւ խուզարկել մարդու բնակարանը՝ զենք հայտնաբերելու համար, չէին կարող հսկողություն իրականացնել «տնային կալանք» խափանման միջոցի ներքո գտնվող անձի բնակարանում։ Այս ծառայությունը վերահսկում է խափանման միջոցի կատարման ընթացքը, սակայն չի կարող գործել որպես քրեակատարողական մարմին։ Այսօր շուրջ 900 անձ Հայաստանում գտնվում է տնային կալանքի տակ, մինչդեռ ծառայողների թիվը շատ ավելի քիչ է։ Այդ պատճառով որոշակի հույս դրվում է նաեւ անձանց ողջախոհության վրա։ Եթե տնային կալանքի տակ գտնվող մարկու կողմից խախտվում են պայմանները, ապա պրոբացիոն ծառայությունը արձագանքում է, եւ դատարանի որոշմամբ անձը տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն՝ կան սահմանված օրենսդրական մեխանիզմներ, որոնք գործի են դրվում նման դեպքերում։
-Բայց արդյո՞ք մտահոգիչ չէ, որ տնային կալանքի տակ գտնվող մարդը զենք է պահել, եւ այն փաստը, որ մարդիկ դժգոհ են արդարադատությունից ու փորձում են ինքնուրույն հաշվեհարդար իրականացնել, ավելի մեծ վտանգ չէ՞ սա։
-Իհարկե մտահոգիչ է։ Բայց սա 900 դեպքից միայն մեկն է։ Մենք չենք կարող բացառել նման դեպքերը, սակայն դա չի նշանակում, որ քայլեր չպետք է ձեռնարկենք։ Աշխատելու ենք իրավապահ մարմինների հետ, որպեսզի հնարավորինս կանխվեն նման իրավիճակները։ Պետք է հասկանանք, որ կատարյալ աշխարհում չենք ապրում։ Եթե հանցագործությունը լիովին բացառվեր, ապա այն ոչ մի երկրում գոյություն չէր ունենա։ Բարեբախտաբար Հայաստանում հանցավորության մակարդակը համեմատաբար ցածր է, եւ վիճակագրական տվյալներն այս առումով բավականին բարենպաստ են։
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ



















































































