Armenian text to speach

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒՄՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ». ԴԵՐԶՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների անդամները ուրբաթ օրը Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Բողոքի ակցիայի պատճառը Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչըի ժամանումն էր Հայաստան։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման: Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական եւ թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը»։

«Ժողովուրդ» օրաթերթը Կառավարության շենքի տարածքում էր՝ տեղում զրուցելու մասնակիցների հետ, հասկանալու նրանց դիրքորոշումը Սեյդար Քըլըչի՝ Հայաստան գալու օրակարգի կապակցությամբ, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան բանակցային իրավիճակի վերաբերյալ։

Զրուցեցինք ակցիայի մասնակից, ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Հայկ Դերզյանի հետ։

-Պարո՛ն Դերզյան, ի՞նչ նպատակով եք ակցիան իրականացնում եւ ի՞նչ պահանջներ ունեք արդյոք գործող իշխանություններից։

-Այս իշխանություններից ընդամենը մեկ պահանջ ունենք՝ նրանց հրաժարականը։ Հայաստանի  արտաքին քաղաքականությունը փաստացի ձախողված է, մենք թե՛ Արեւմտյան, թե՛ Հյուսիային (եւ ոչ միայն) տարածաշրջաններում տեսնում ենք, որ տոտալ տապալում է։ Ոչ մի պետություն մեր իշխանություններին լուրջ չի վերաբերվում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի անվտանգային մի շարք գործընթացներ ուղղակի խարխլված են, մեր պետությունը շարունակում է գնալ զիջումների։ Վերջին  օրինակը օգոստոսին նախաստորագրված փաստաթուղթն է, որը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով անցնելու են ադրբեջանական բեռներ, եւ տվյալ ճանապարհը կտրված է լինելու Հայաստանից։  Այն փաստը, թե դա իբրեւ վարձակալություն է պարզապես ամերիկյան կազմակերպությունների կողմից, իրականում այդպես չէ, եւ մենք դա լավ հասկանում ենք։ Մենք տեսնում ենք, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիայի տրանսպորտի նախարարը մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։

Մեր ժողովուրդը հատկապես արտաքին քաղաքականության վերաբերյալ կարեւոր նորություններն իմանում է ադրբեջանական եւ թուրքական մամուլից, որովհետեւ այնտեղ տեղեկությունն ավելի ճշգրիտ է, քան եթե Կառավարության կայքի լուրերին հետեւենք։

Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ այս իշխանությունը հեռանա, հակառակ դեպքում ունենալու ենք նոր «Նոյեմբերի իններ», նոր «Օգոստոսի ութեր», նոր խնդիրներ։ Միգուցե մեկ կամ երկու տարի այդ խնդիրները իրենց զգացնել չտան, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ գերտերությունների քաղաքականությունը մեկ կամ երկու տարվա համար չի մշակվում։ Մենք կարող ենք 100 տարի առաջվա օրինակը հիշել՝ «Նախիջեւանի առկայությունը Ադրբեջանի կազմում». եթե այն ժամանակ որոշում կայացված չլիներ, ապա հիմա ճանապարհի խնդիր անգամ չէր լինի, բայց հակահայկական քաղաքականության հետեւանքով ընդունված այդ որոշումը 100 տարի անց հանգեցրեց այս վիճակին, որ Հայաստանը հիմա էլ նման խնդրի է բախվում։ Նույն սկզբունքով օգոստոսի 8-ի պայմանագրի «շնորհիվ» մենք որոշակի ժամանակ անց կարող ենք ավելի խորքային խնդիրների բախվել, ինչպիսին մեր պետականության կորստի վտանգն է։

-Իսկ ո՞րն է ձեր բողոքը մասնավորապես։ Այն որ թուրք ներկայացուցիչն այցելել է Հայսատա՞ն, որ թուրքերի հետ բանակցությա՞ն են գնում, փորձում Մարգարայի անցակետը բացե՞լ։

-Մեր դժգոհությունը հետեւյալն է.թե՛ Թուրքիայի հետ, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի թե՛ Չինաստանի, թե՛ Իրանի, առհասարակ բոլոր հնարավոր պետությունների հետ բանակցողը հայկական քաղաքականություն վարող չէ։ Ոչ ոք չի ասում՝ չպետք է բանակցել Ադրբեջանի կամ Թուրքայի հետ։ Բանակցային գործընթացը կարեւոր գործոն է, դրա այլընտրանքը երբեմն պատերազմն է, բայց որոշ դեպքերում, ի դեմս այս իշխանությունների, այնպիսի բանակցություններ են իրականացվում, որ այդ բանակցությունների հետեւանքով են տեղի ունենում պատերազմներ։ Սա է ողջ իրողությունը։

-Ակցիային մասնակցում եք նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով, ովքեր այս պահին Բաքվի բանտում են գտնվում։ Վերջերս էլ հայտնի դարձավ, բոլոր վկաներն այսպես կոչված արդեն հարցաքննվել են, եւ դատավարությունը վճռորոշ՝ ավարտական փուլում է, ի՞նչ եք կանխատեսում այս ամենի վերաբերյալ, ինչպե՞ս այն կավարտվի։

-Կխոսեմ հակիրճ. սա ոչ թե դատավարություն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, այլ դատավարություն է Հայաստանի Հանրապետության դեմ՝ հետագայում նոր զիջումների տանելու համար։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ




Լրահոս