Armenian text to speach

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 15-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում կայացավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ նախորդ նիստում նրա կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային լրատվության միջոցով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Դատարանի մուտքի մոտ բազմամարդ էր. այստեղ էին արքեպիսկոպոսի համախոհները, այդ թվում՝ բազմաթիվ հոգեւորականներ, որոնք եկել էին սատարելու նրան։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց եպիսկոպոսներ Մկրտիչ Պռոշյանի եւ Պարգեւ Բարսեղյանի հետ։

-Գերաշնորհ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խորհրդարանում հայտարարեց, որ Կաթողիկոսին գահընկեց անելու գաղափարից չի հրաժարվել եւ նույնիսկ նշեց, թե Աստվածաշունչ կարդացած մարդկանց խումբ է հավաքելու ու նրանց առաջնորդելու է դեպի Էջմիածին։ Ի՞նչ սպասել այս հայտարարություններից, ըստ Ձեզ։

-Եկեղեցին որեւէ մեկին ընդդիմանալու կամ խոչընդոտելու խնդիր չունի։ Ուզում է գալ՝ թող գա։ Եթե աղոթող մարդկանցով է գալու, մենք էլ նրանց հետ կաղոթենք։

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանը պայքարում էր, իր խոսքերով, «նախկին թալանչիների» դեմ, իսկ այժմ թիրախում հայտնվել է նաեւ եկեղեցին։

-Պատճառը պարզ է. եկեղեցին իր հայտարարություններով ներկայացրել է երկրի իրական իրավիճակը, եւ նշել, որ այն վնաս է հասցնում մեր ազգային շահերին ու ինքնությանը։ Սա է պատճառը, որ իշխանությանը դուր չի գալիս եկեղեցու դիրքորոշումը։

-Հաշվի առնելով Հայաստանում «ՍՄՍ հրահանգներով» իրականացվող արդարադատությունը՝ ի՞նչ կանխատեսում ունեք Միքայել սրբազանի գործով։

-Սա արդարադատություն չէ, բոլորս դա տեսնում ենք։ Մենք աղոթում ենք, որ դատարանը ճիշտ որոշում կայացնի։ Հուսանք, որ այդպես էլ կլինի։

Նույն մտահոգությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հարցեր ուղղեց նաեւ եպիսկոպոս Պարգեւ Բարսեղյանին՝ փորձելով պարզել նրա վերաբերմունքը վարչապետի հայտարարությունների կապակցությամբ։

-Գերաշնորհ եպիսկոպոս Պարգեւ Բարսեղյան, ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե հավատացյալների խմբով կարող է գալ Էջմիածին եւ գահընկեց անել Վեհափառին։

-Մենք, ողջ հոգեւորականությունը, մեր ծառայությունն ենք իրականացնում, մեր առաքելությունն ենք կատարում ժողովրդի առջեւ։ Այս պահին որեւէ արտառոց իրավիճակ մեզ համար չկա։

-Իսկ եթե հավատացյալները միանան վարչապետին ու եկեղեցի գան, ո՞րն է լինելու հոգեւորականության արձագանքը։

-Մենք «եթե»-ներով առաջնորդվել չենք կարող։ Մեր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից պատգամ ունենք՝ մեր ժողովրդին ծառայելու։ Վեհափառ հայրապետի հովվապետությամբ շարունակում ենք իրականացնել մեր առաքելությունը։ Մեր համակիրներն էլ համախմբվում են մեզ շուրջը՝ աջակցելու մեր ծառայությանը։

Եկեղեցին իր առաքելությունը շարունակում է Վեհափառ հայրապետի առաջնորդությամբ՝ լավատեսությամբ, ամուր հավատքով ու աներեր կամքով։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հ.Գ. Նշենք, որ Միքայել Աջապահյանի գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում արդեն ավարտական փուլում է։ Կողմերը ճառերով հանդես եկան, հաջորդիվ դատավոր Արմինե Մելիքսեթյանը գնալու է վճիռ կայացնելու։

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին` 16։30-ին։




Լրահոս