Armenian text to speach

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻԼԵՄԱՆ՝ ՆԵՐՊԱԼԱՏԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում ձեւավորված հակամարտությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իշխող թիմի պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ դեռ երկար կձգվի։ Բայց արդեն այսօր ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է, եւ նրա կողմնորոշումը թեքված է դեպի Ալեն Սիմոնյանի կողմ։

Ոչինչ, որ Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց եւ միջադեպից հետո մնաց անպատիժ։ Ոչինչ, որ Ազգային ժողովի գնումները գրեթե բաց տեքստով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ոչինչ անգամ, որ Սիմոնյանը բյուջեի հաշվին իրեն թույլ է տալիս ձեռք բերել 2.5 միլիոն դրամանոց ոսկե թզբեհ (համրիչ), ոչինչ, որ ընկերների բուքմեյքերական շահերն է առաջ բրթել։ Քանի որ հակառակ կողմում կանգնած է «շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, Փաշինյանի համար պատասխանը պարզ է. պետք է պաշտպանել «թքող ԱԺ նախագահ»-ին։ Սա նաեւ այն պատճառով, որ Հայկ Սարգսյանի կողմից բարձրաձայնված կոռուպցիոն մեղադրանքները ինչ-որ չափով վերաբերելի են նաեւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանին, որովհետեւ վերջինս էլ նույնպիսի մտերմություն ունի բուքմեյքերական ընկերությունների գերհարուստ սեփականատերերի հետ (միասին Հունաստանում հանգստացել են եւ այլն):

Դառնալով Հայկ Սարգսյանին` նշենք, որ նա Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից մեկն է, Փաշինյանի անբաժան շրջապատից, իսկ այսօր դառնում է անցանկալի։ Պատճառը պարզ է. Սարգսյանը սկսեց ցուցադրել ինքնուրույնություն, թիմի ներսում փորձել է լիդերության հայտ ներկայացնել, իսկ երբ անգամ հանդգնեց հակադրվել ՔՊ ակտիվի հավաքի ժամանակ սեփական քավոր Վահե Ղալումյանին եւ անգամ քաշքշեցին միմյանց Փաշինյանի ներկայությամբ, իրավիճակ փոխվեց։

Սակայն հետաքրքիր դիլեմա է ստացվել. Փաշինյանը կողմ է Սիմոնյանին, բայց շատ լավ գիտի, որ հենց Սիմոնյանն էլ անցանկալի է թիմի մեծամասնության համար։ Թքող, սկանդալային պատմություններով ու թիմակցի կողմից կոռուպցիայի համար մեղադրվող ԱԺ նախագահը քաղաքական ծանր բեռ է իշխող թիմի համար։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար Սամվել Կարապետյանի գործով արդեն երկու բողոք է ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան: Մեկը վերաբերում է կալանքի ապօրինի հիմքերին, մյուսը՝ գործի ողջ օրինական ընթացքին, որը փաստաբանները որակում են հիմնազուրկ։ Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի դատավոր Արմեն Դանիելյանը, երբ վերաքննիչ դատարանում էր, որոշում էր կայացրել Կարապետյանին կալանքի տակ թողնելու վերաբերյալ հետաձգելով իր արձակուրդը։ Դանիելյանը հանրության մեջ վաղուց ունի կողմնապահ դատավորի համբավ. նրա որոշումները հաճախ համընկնում են իշխանությունների շահերի հետ։ Այժմ գործը հասել է Վճռաբեկ դատարան, եւ իրավաբանական շրջանակները միանշանակ կարծում են՝ եթե գործարար-բարերար Սամվել Կարապետյանի գործը մակագրվի դատավորների այն խմբին, որտեղ կա Արմեն Դանիելյանը, նա պետք է ինքնաբացարկ հայտնի. այլ տարբերակ պարզապես չկա։ Հակառակ դեպքում, ինչպես իրավաբաններն են շեշտում, ողջ գործընթացը նորից կդառնա իշխանական ճնշումների եւ դատական համակարգի կախվածության հերթական ապացույցը։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Եվրոպական ուղղվածությամբ ուժերը արդեն սկսել են դիրքավորվել եւ վերադիրքավորվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գյումրիում կրած աղմկոտ պարտությունը, երբ Եվրադաշինքը երեք կուսակցությունների միասնական մասնակցությամբ չկարողացավ հաղթահարել շեմը եւ ավագանու կազմում մնաց առանց մանդատի, նոր վերադասավորումների դուռ է բացել։ Նոր դերակատարների առաջին շարքում են իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու Գարեգին Միսկարյանը, ովքեր արդեն հրապարակային կերպով հայտարարել են քաղաքականություն մտնելու մասին։ Նրանց քայլը դիտարկվում է որպես եվրոպական թեւի թարմ ուժի հայտ։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաեւ հանրային կյանքում հայտնի եւս մեկ գործիչ։ Խոսքը Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի մասին է։ Ինքը՝ Ստյոպա Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ ասելով. «Նման զրույցներ ու քննարկումներ մեր մեծ թիմի (որի մեջ մտնում են թե՛ ինստիտուտի իմ ընկերները, թե՛ բարեկամները, գործընկերներն ու աջակիցները) ներսում արդեն 4 եւ ավելի տարի է առկա են։ Ավելի ստույգ՝ հենց նույն 2021 թվականի արտախորհրդարանական ընտրություններից հետո։ Ո՛չ կարող ենք բացառել նման նախաձեռնությամբ հանդես գալը, ո՛չ հաստատել, քանի դեռ վերջնական որոշում չկա։ Այս թեմայով որեւէ նորություն լինելու դեպքում, անշուշտ, հանրությունը կտեղեկացվի։ Այս պահին այլ մանրամասներ ու մեկնաբանություններ չեն կարող տրվել»։ Այսպիսով՝ ընտրություններից դեռ ավելի քան մեկուկես տարի առաջ արդեն նկատելի է, որ եվրոպական, Արեւմտյան ուղղվածությամբ ուժերի դաշտը ձեւավորվում է նոր դեմքերով ու նոր հավակնություններով։

 

 

 

 

Պաշտպանության նախարարությունը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել եւ սահմանել 18 ամիս։ Ընդունվելու դեպքում՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի այն զինծառայողների վրա, ովքեր այդ պահին արդեն ծառայում են բանակում։ Սակայն այս քայլը դիտարկվում է ոչ միայն որպես բանակային բարեփոխում, այլեւ որպես քաղաքական հաշվարկ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ իշխող կուսակցությունում քննարկման ժամանակ հնչել են մտահոգություններ՝ «Բանակ պահել հնարավո՞ր է ընդամենը 1.5 տարվա ծառայությամբ»։ Քննարկման ժամանակ պատասխանը, սակայն, եղել է բավականին ուղղախոս. «Հիմա պետք է դարձնել 1.5 տարի, հետո, եթե խնդիրներ առաջանան, կբարձրացնենք մինչեւ 2.5 տարի. ի՞նչ խնդիր, իշխանությունն ամբողջությամբ մեր ձեռքում է»։ Նկատենք՝ սա նորություն չէ. նույն ձեռագիրն էր նաեւ տրանսպորտի թանկացման ժամանակ: Սկզբում հայտարարեցին, որ գինը կբարձրանա մինչեւ 300 դրամ, հետո, իբրեւ թե, նահանջեցին, ընդառաջեցին քաղաքացիների պահանջին, բայց, ինչպես տեսանք, այնուամենայնիվ գինը բարձրացվեց՝ դառնալով 150 դրամ։ Այսպիսով՝ զինծառայության ժամկետի կրճատումը մեծ հաշվով կարելի է համարել նախընտրական քարոզչության հերթական գործիք։

 

 

 




Լրահոս