«Այս իշխանությունը դավաճանելը դրոշակ է դարձրել։ Իրենց գործողություններն ասում են` դավաճանեք, որ լավ ապրեք։ Սրանք (իշխանությունները – խմբ.) այդքան չկան, որ Արցախի հարցը փակեն։ Սրանք Արցախ չեն ազատագրել, որ հիմա էլ Արցախի էջը փակեն», «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Անաստաս Իսրայելյանի հետ զրուցել ենք Արցախում օրերս տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի իշխանությունների դիրքորոշման եւ այս հարցերին առնչվող այլ թեմաների մասին:
-Պարո՛ն Իսրայելյան, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որտեղ նշված էր, թե արցախցի Կարեն Ավանեսյանը փորձել է ահաբեկչություն գործել: Ի՞նչ տեղեկություններ ունեք Դուք այս ամենի վերաբերյալ:
-Մանրամասներից ինքս էլ տեղյակ չեմ, համացանցի նորությունների միջոցով է ինձ հայտնի դարձել այդ միջադեպը: Սակայն պիտի նշեմ՝ այդ տեսանյութերը դիտելով համոզվեցի, որ թուրքերի, ադրբեջանցիների հետ ապրելը՝ միասին կամ որեւէ այլ ձեւաչափով, անհնարին է:
Այն մարդը, որը որոշում է կայացրել մնալ Արցախում, փորձել է այնտեղ ապրել, տեսնում ենք, որ խնդիրների է բախվել: Խնդրահարույց է նաեւ այն, որ ադրբեջանցիները, օրինակ, կօգտագործեն այս հավանաբար «սարքված» փաստը եւ կներկայացնեն, թե հայերի հետ անհնար է ապրել:
Սակայն՝ որպես հայ, արցախահայ, պետք է հավելեմ, որ ես հավատում եմ՝ այդ մարդը գուցե իր վճռական ու արդարացի վրեժխնդրությունն է փորձել լուծել:
Այսինքն՝ այդ գործողության ենթատեքստն այն է գուցե, որ թեպետ հիմա մենք Արցախում չենք, բայց Արցախը վերականգնվելու է եւ նորից հայկական կոչվի, ու մենք հետ դառնանք Արցախ:
Որպես արցախցի՝ ես հավատում եմ դրան:
Մենք գիտենք, որ ներկա իշխանությունները մեջքից հարվածեցին Արցախին: Իրենց պահվածքով այժմ նրանք բաց, առանց որեւէ բանից խուսափելու ասում են, որ իրենք են եղել Արցախը դավաճանողները՝ հայտնելով, իբրեւ թե միայն այդ կերպ կարող էին Հայաստանի պետականությունը պահել: Չարչրկում են այդ «խաղաղություն» բառը: Վերջին ժամանակներում ես դա դավաճանության նոր թեզ եմ համարում. կարծես թե դա պարզապես փոխարինվել է «խաղաղություն» բառով:
Նրանք իրենց թուրքական ծրագիրն են իրականացնում: Տպավորություն է, որ մարդկանց անդադար քարոզում են միտքը թե՝ դավաճանեք, որ լավ ապրեք, դավաճանեք, որ փող ունենաք: Դա լավ ապրելակերպի ոճ են իբրեւ ներկայացնում:
Այո՛, ներկայիս իրավիճակը ծանր է, բայց իրական հայի կերպարն այդպիսին չէ: Սա ժամանակավոր է, եթե մարդ հայրենասեր է, ոչ մի ճնշում, վախի ոչ մի մթնոլորտ չի կարող հետ պահել նրան ազնիվ ճանապարհից:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրն էր: Այո, հասկանալի էր՝ Արցախ վաճառող իշխանությունն այդ օրը պետական մակարդակով չէր նշելու: Մենք շատ ունենք նմանատիպ կարեւոր օրեր, երբ իշխանությունը միտումնավոր նույն օրը որեւէ ճոխ, երջանիկ միջոցառում է կազմակերպում՝ մարդկանց օրվա իրական խորհրդից շեղելու համար:
Ես համոզված եմ սակայն, որ Արցախի էջը փակված չէ, եւ սրանք չկան այդքան, որ փակեն Արցախի էջը, նրանք Արցախ չեն ազատագրել:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ























