Ի՞նչ է խոստացել վարչապետը Բուզանդի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Նա լսել է բոլոր բնակիչների խնդիրները և ընդգծել, որ դրանք մշտապես լինելու են իր ուշադրության կենտրոնում:

Բնակիչ Լյովա Մնացականյանը armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ որևէ բան դեռ չի փոխվել: Նա նշեց, որ կառավարության համապատասխան որոշումից հետո  լուծվել են միայն այն բնակիչների խնդիրները, ովքեր համաձայնվել են գումարային փոխհատուցում ստանալ:

«Ով էլ չի համաձայնվել նման փոխհատուցման` խոստացել են լուծել խնդիրները: Հովիկ Աբրահամյանն էլ ասում է, որ պետբյուջեով գումար չկա, որով կկարողանան լուծել այդ խնդիրները», – նշեց նա:

Մեկ այլ բնակիչ տիկին Մարինան էլ նշեց, թե հիմա էլ «Լոգիկոն» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Պետրոսյանն է բնակիչներին իր մոտ կանչել:

«Կառավարությունն այնպիսի որոշում է  կայացրել, որ 40քմ2 –ի համար տալիս է 44.000 դոլար, որը գիտես որ Կենտրոնում ոչինչ չես կարող առնել: Ես իրեն ասեցի փոխի Կառավարության որոշումը, ինքն ասեց հնարավոր չի», – նշեց նա:

Բնակչի խոսքով, Հովիկ Աբրահամյանը չէ խոստացողն ու լուծողը, այլ նշված ՍՊԸ-ի տնօրենը, որի հետ հանդիպումից  հետո էլ պարզ կլինի Բուզանդի և հարակից փողոցների բնակիչների ճակատագիրը:

Հիշեցնենք, որ հիշյալ տարածքները կառավարության համապատասխան որոշմամբ  ճանաչվել են գերակա շահ և օտարվել, իսկ բնակիչներին խոստացվել էր, որ կարճ ժամկետում խնդիրը լուծում կստանա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս