Սահմանահատման ելքի եւ մուտքի կնիքներից Արարատի պատկերանշանի հեռացման թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուժծառայության գնդապետ Բենիկ Հարությունյանի հետ։
-Պարո՛ն Հարությունյան, սահմանահատման ելքի եւ մուտքի կնիքների վրա նոյեմբերի 1-ից այլեւս չի լինելու Արարատի պատկերանշանը։ Ի՞նչ գնահատական կտաք այս քայլին, ի՞նչ նպատակով է կատարվում դա։
-Այդ արարքը ամենաբացասական գնահատականին է արժանի։ Ինչո՞ւ նրանք (Ադրբեջանը – խմբ.) իրենց դրոշից չեն հանում լուսնի պատկերը, լուսնի նկատմամբ հավակնություննե՞ր ունեն։ Ինչո՞ւ հայկական կողմը այս կերպ չի արձագանքում։
Արարատը մեր պատմական լեռն է, մեր ազգային ժառանգությունը, սա փաստ է՝ հայտնի աշխարհին։ Բայց արդյո՞ք հաշտության ճանապարհով գնացող, խաղաղության համաձայնագիր ստորագրող պետությունների միջեւ կարող են նման հարցեր ծագել. այստեղ է աբսուրդը: Դա ցույց է տալիս Թուրքիայի ու Ադրբեջանի իրական տրամադրությունը եւ նրանց դիրքորոշումը մեր հանդեպ։
Դա մոտավորապես 150-170 տարի առաջ մշակված ծրագրի շարունակությունն է՝ ցեղասպանություն կազմակերպելու, հայ ազգին ոչնչացնելու, հայերի ողջ ունեցվածքը, ընդերքի հարստությունը, պատմամշակութային գանձերը եւ արժեքները յուրացնելու փորձի շարունակությունը:
Այս դավաճան, թուրքահպատակ իշխանությունները դրան ոչ մի նշանակություն չեն տալիս։ Գոնե մեր երկրի պատիվը արժանապատվորեն պահելու համար, մեր ժողովրդի աչքում այդքան չընկնելու համար նրանք պետք է պահպանեին պարզունակ կարգեր, բայց նրանք անցել են բոլոր բարոյական ու իրավական գծերը։ Ոտնահարել են ամեն ինչ։ Նրանք մեր երկրում այլեւս իրավունք չունեն իշխանություն կոչվելու ։
-Պարո՛ն Հարությունյան, ՔՊ-ականներից Արսեն Թորոսյանն էր անդրադարձել այս ամենին եւ նշել, որ ամեն ինչ համապատասխանեցնում են «իրական Հայաստանի» գաղափարներին։ Ի՞նչ մեկնաբանություն ունեք դրա վերաբերյալ։
-Դա միայն պահանջ ու թելադրանք է Թուրքիայի կողմից։ Անգամ այբբենարանում Մաշտոցի նկարը չտեղադրելը նույնպես դրա հետեւանքն է՝ որքան էլ այս իշխանությունը փորձի դա թաքցնել։ Նրանք բոլորը աբսուրդի թատրոնից են՝ մի դերասանով, մնացածը կամակատարներ են։
Ի՞նչով է զբաղված այսօր վարչապետը. դիտում է ներկայացում ու կրկին առաջ բերում, ամեն ինչ մեկնաբանում իր թեզերով՝ «Բանակը անվտանգության երաշխիք չէ, իսկ «Ցանկապատը» երաշխիք է»: Խելքի աշեցեք….։
-Արդյո՞ք Արարատի պատկերանշանի հանելը շղթայական չի դառնա, եւ մի օր ՀՀ զինանշանից էլ չեն հեռացնի Արարատի պատկերը։
-Բնականաբար կանեն, դա նույն տրամաբանության մեջ է։ Դա նրանց համար էտապային խնդիր է, որովհետեւ այս իշխանությունները ամեն ինչ հարմարեցնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներին։
Ճիշտը կլինի, որ այս իշխանությունը կամավոր հեռանա պաշտոնից, մաքրի երկիրը, հեռանա եւ հնարավորինս քիչ կորուստներով մեր երկիրը սկսի վերականգնվել, ապաքինել վերքերը։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ։























