Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ներկայացնելու իր հետ կապվող սկանդալային միջադեպի մանրամասները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 27-ին Երեւանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, թե քաղաքապետարանի հսկիչները ավտոբուսում տուգանել են մի կին ուղեւորի, որն արդեն վճարել էր տոմսի դիմաց։
Կարապետյանի գրառմանը նույն օրը՝ ուշ երեկոյան, արձագանքել է «Ավետիք Բաբայան» անունով օգտատեր, որը, ըստ Կարապետյանի, անհարգալից եւ սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ուղարկել։ Հաջորդել են հայհոյանքներ ու սպառնալիքներ՝ նաեւ ձայնային հաղորդագրությունների եւ լատինատառ տեքստերի տեսքով։ Դրանք վերաբերում էին ոչ միայն Կարապետյանին, այլեւ նրա ընտանիքի անդամներին, ընկերներին ու գործընկերներին, այդ թվում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։
Կարապետյանը պարզել է, որ այդ հաղորդագրությունները կապված են Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։
Երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Կարապետյանի աշխատավայրի բակում նրա վրա հարձակվել է դիմակավորված անձ։ Վերջինս առանց որեւէ խոսքի հարվածներ է հասցրել, ինչի հետեւանքով Կարապետյանը վնասվածքներ է ստացել դեմքի եւ գլխի տարբեր հատվածներում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը։
-Պարո՛ն Բաբայան, Դուք պնդում եք, որ Ձեր նկատմամբ կատարվածը քաղաքական պատվեր էր։ Ո՞ւմ եք տեսնում այդ պատվերի հետեւում։ Եվ արդյո՞ք Երեւանի հասարակական կարգի պահպանության ծառայության նախկին պետ Արամ Գյուլզադյանը որեւէ կապ ունի միջադեպի հետ։ Կան կարծիքներ, որ նա ցանկանում է վերադառնալ իր նախկին պաշտոնին։
-Այն, որ տեղի ունեցածը քաղաքական պատվեր է, իմ խորին համոզմունքն է։ Վստահ եմ՝ դա այդպես է։ Հակոբ Կարապետյանի տարածած սուտը անմիջապես շարունակեց նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այստեղ հարց է առաջանում՝ պարոն Մարությանը եւս մոլորության մե՞ջ էր, թե՞ գիտակցաբար էր տարածում կեղծ տեղեկություններ։ Խոսքը հասարակական կարգի խախտման մասին չի կարող լինել, ինչպես որ նա նշում էր, քանի որ միջադեպը վերաբերում էր մասնավոր նամակագրությանը։
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնց մասին այս պահին չեմ ցանկանում խոսել, համոզված եմ, որ կատարվածը կապված է իմ աշխատանքային գործունեության եւ իմ քաղաքական թիմի հետ։ Ինչ վերաբերում է Արամ Գյուլզադյանին, ես լիովին բացառում եմ նրա որեւէ առնչությունը այս պատմությանը։ Այո՛, կան որոշ ուժեր, որոնք շահագրգռված են նման սադրանքներ իրականացնելու, սակայն Գյուլզադյանի մասնակցությունը բացառում եմ։
-Կա՞ կոնկրետ անձ, ում կասկածում եք, պարո՛ն Բաբայան։
-Այո՛, նման կասկածներ կան։ Բայց քանի որ հարուցվել է քրեական գործ եւ վարույթը նախատեսում է պահել նախաքննական գաղտնիքը, այս պահին չեմ կարող անուններ նշել։ Սպասենք գործընթացի ավարտին, եւ եթե անհրաժեշտ լինի, հետագայում կանդրադառնամ այդ թեմային։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ



















































































