Armenian text to speach

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է». Վ. ԲԱԴԱՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Պետք է ունենալ ամուր բանակ։ Խաղաղություն հաստատում են ուժեղի հետ։ Ես դա ասում եմ իմ անցած ճանապարհի փորձից։ Այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդը ճգնաժամի մեջ է, նրան տանում են դեպի անկում», – «Ժողովուրդ» օրաթերթի տաղավարում նշեց ազատամարտիկ Վահան Բադասյանը, ում հետ զրուցել ենք Հայաստանի ներկա մարտահրավերների, ներքաղաքական իրավիճակի եւ հարակից այլ հարցերի մասին։

-Պարո՛ն Բադասյան, սեպտեմբերի 21-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է փակել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը եւ հռչակել Չորրորդ Հանրապետություն՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Ո՞րն է Ձեր գնահատականը այս հայտարարության վերաբերյալ։ Ի վերջո, ի՞նչ է ուզում թողնել անցյալում Փաշինյանը՝ Երրորդ Հանրապետություն կոչվածում։

-Թող թշնամաբար չհնչի, բայց պետք է հաշվի նստել իրականության հետ։ Թուրքերը եւ ադրբեջանցիները իրենց թշնամական քայլերը հաճախ անում են մեզ համար խորհրդանշական օրերին։ Զարմանալին այն է, որ այս իշխանությունները քաղաքականություն են վարում այնպես, ինչպես հաճելի կլինի մեր թշնամուն։ Ես իրավունք ունեմ կասկածելու, որ նրանք եւս միացել են թշնամուն։ Որքան շուտ ազատվենք նման արկածախնդիր իշխանություններից, այնքան լավ կլինի։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, երբ 2023 թվականի նույն օրը սկսվել էր Արցախի վերջին հայաթափումը, ԱԱԾ-ն մեկնում է Բաքու։ Ինչո՞ւ հենց այդ օրը։ Ես իրավունք ունեմ կասկածելու, որ նրանք, փաստորեն, ողջունում էին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը Արցախի դեմ 2023 թվականին։

-Իսկ ի՞նչ է ուզում Փաշինյանը թողնել անցյալում՝ փակելով Երրորդ Հանրապետության էջը։ Արդյո՞ք Արցախի հարցը, պատերազմները ….

-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այն դրույթները, որոնք ցանկանում է փոխել Փաշինյանը, մեր ազգային նպատակներն ու իղձերն են արտահայտում։ Նա ուզում է ջնջել դրանք։ Օրինակ՝ հայտնում է, թե ինչու է ասել՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իբրեւ դա ասել է՝ հայրենասիրությունից դրդված։ Իսկ հիմա նույն կերպ, իբրեւ հայրենասիրությունից դրդված, ասում է, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ի՞նչ է ուզում նա, խաղաղությո՞ւն։ Բայց խաղաղություն ունենալու համար նախեւառաջ բանակ եւ ուժ է պետք։ Դա ոչ թե ես եմ ասում, այլ մարդկային օրենքն է։

-Պարո՛ն Բադասյան, որպես ազատամարտիկ՝ ինչպե՞ս եք գնահատում այն նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել մեկուկես տարի։ Ի՞նչ ազդեցություն կունենա դա բանակի եւ ընդհանրապես Հայաստանի վրա։

-Մի բան կարող եմ հստակ ասել. դա առաջին հերթին նախընտրական քայլ է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը այս նախագիծն առաջ է բերում՝ որպես քարոզարշավի մաս։ Այսօր բանակը դեգրադացված է։ Նա ուզում է խաղաղություն, բայց ոչ բանակի առկայությամբ։ Փաշինյանը ինքն էլ ասում է, թե բանակը խաղաղության համար վերջին անհրաժեշտությունն է։

Բայց նման բան չկա։ Բանակը եղել է եւ մնալու է բոլոր պետությունների թիվ մեկ անվտանգության երաշխիքը։ Իսկ նա խաղաղության երաշխիք է համարում զիջումը։ Միշտ զիջել՝ հանուն խաղաղության, եւ այդպես էլ շարունակելու է զիջել մինչեւ վերջ։

-Այսօր Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած։ Վտանգվա՞ծ է արդյոք երկրի ինքնիշխանությունը։

-Ցավոք, այո։ Վերջերս ինձ հետ գիտակից մարդիկ վիճում էին՝ ասելով, թե լավ է, որ Ծիծեռնակաբերդը վերանորոգում են։ Ի պատասխան՝ ես նրանց հարցրի՝ ո՞վ է ասել, թե վերանորոգում են։ Բազալտը 60 տարում չի քայքայվում, ոչ էլ 100 կամ 200 տարում։ Այն կարող է սկսել քայքայվել միայն 500-600 տարվա ընթացքում։ Բացի դրանից, յուրաքանչյուր շինություն ունի շինարարական երաշխիք։ Մատենադարանը եւ Օպերայի շենքը մեր ամենակայուն կառույցներից են, նույնն էլ՝ Ծիծեռնակաբերդը։

Ուրեմն ես իրավունք ունե՞մ ենթադրելու, որ իրականում այն քանդում են։ Չէ՞ որ այս իշխանությունները մշտապես պնդում են, թե Ցեղասպանություն չի եղել։ Այսինքն՝ ինչ ասում է Թուրքիան, նույնն էլ կրկնում է Փաշինյանը։ Ուրեմն իրավունք ունե՞մ կասկածելու, որ նրանք ուզում են քանդել հուշարձանը, քանի որ ժխտում են Մեծ Եղեռնի իրողությունը։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ




Լրահոս