Armenian text to speach

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ՝ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԴԵՊՔԻ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանության վերաբերյալ իրավական հարցազրույց է ունեցել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ։

 

-Տիկի՛ն Պողոսյան, սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկան Կարեն Աբրահամյանը, կա նաեւ մեկ վիրավոր։ Սակայն այս պահի դրությամբ դեռեւս չկան կասկածյալներ կամ ձերբակալվածներ։ Շատերը կարծում են, որ սա քաղաքական հետապնդում էր, մյուսները համարում են վենդետա։ Ի՞նչ եք կարծում դուք։

-Նախ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Վալոդյա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի ընտանիքներին։ Ուրախացրեց այն հանգամանքը, որ երրորդ տուժածը՝ Արծրուն Գալստյանը, կոմայից դուրս եկավ։ Ես կփորձեմ զերծ մնալ տարբեր վարկածներ առաջադրելուց. դա իրավապահ համակարգի գործն է։ Բայց պետք է նշեմ, որ իրավապահները թերացել են։ Եթե դիտարկենք վենդետայի տարբերակը, պետք է ասեմ, որ նման դեպքեր Հայաստանում, ցավոք, հաճախ են լինում՝ Արագածոտնում, Աշտարակում եւ այլ մարզերում։ Իսկ եթե պարզվի, որ  քաղաքական հետապնդում է, ապա դա արդեն մեծ սրիկայություն կլինի։ Շատ կուզենայի սխալվել, սակայն եթե դա իսկապես քաղաքական հետապնդում է, համոզված եմ, որ մեղավորները չեն հայտնաբերվելու։

-Ինչո՞ւ։

-Նման հանցագործությունները հազվադեպ են բացահայտվում։ Ցանկանում եմ սխալվել, բայց հնարավոր է, որ իրական հանցագործը չհայտնաբերվի, եւ մեղքը վերցնի ուրիշ մեկը։ Ամեն դեպքում այսօր մեր երկրում ապրելը վտանգավոր է դարձել։

Վալոդյա Գրիգորյանին անձամբ չեմ ճանաչել, միայն գիտեմ, որ նա ընտրություններում հաղթեց, եւ հաղթեց մեծ դժվարությամբ։ Եթե այս ամենի հիմքում քաղաքական հաշվեհարդար է, ապա դա խայտառակություն է. նշանակում է, որ քաղաքական պայքարը չսկսված արդեն ավարտվել է:

Իրավապահների գործունեությունն ինձ համար անհասկանալի է։ Փոքր հանցագործության դեպքում կարող են տասնյակ տեսախցիկներ ուսումնասիրել, իսկ այս դեպքո՞վ…

Հանցագործությունը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, ոչ թե խոր գիշերով։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր երեք մարդու վրա նման դաժանությամբ հարձակվել։ Վարձու մարդասպանը սովորաբար գործում է սառնասրտորեն, առանց ավելորդության, իսկ այստեղ մարդասպանը առնանձնակի հաշվենկատ է եղել, լրատվամիջոցները նշում էին, որ վերադարձել ու սպանվածին հարվածներ է հասցրել զենքով:

Այսօր մենք սկսում ենք մահը ընկալել որպես սովորական բան։ Պատերազմից հետո կարծես սովորել ենք, որ մարդիկ կարող են այսպես սպանվել, եւ հանցագործը մնա անպատիժ։ Բայց դա չի կարելի նորմալացնել։

Բոլորին հայտնի էր, որ Փարաքարում լարվածություն կար։ Պարտված ուժերը չէին համակերպվում Գրիգորյանի հաղթանակի հետ։ Ավելին՝ կար վենդետայի վտանգ. ամիսներ առաջ կրակոցների դեպք էր եղել, որի կապակցությամբ Գրիգորյանի մտերիմներից որոշ մարդիկ ձերբակալվել էին։ Այս ամենը պետք է հիմք դառնար համայնքում ուժեղացված ծառայություն կազմակերպելու համար, ինչը, սակայն, չի արվել։

Ի՞նչ է կատարվում մեր երկրում։ Թշնամին դրսից սպասում է հարվածելու իր հնարավորությանը, իսկ մենք ներսից այսպես ենք միմյանց ոչնչացնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 




Լրահոս