«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար-բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել էին լուրջ իրադարձություններ։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառ հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես, դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է «Գոջի» մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշել է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում՝ ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են՝ Էջմիածնում 22-ամյա Պարգեւ Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակում: Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից՝ որոշվեց նրան տեղափոխել Արմավիրի ՔԿՀ-ից: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ այժմ հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռեւս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարույթի շրջանակում կալանավորված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության համար փաստաբանական թիմ է ձեւավորել, վճարել նրանց, որ հանիրավի բանտարկված քաղաքացիների իրավունքները պաշտպանեն մասնագետներ:
Փաստացի, գործարարի՝ եկեղեցու կողքին կանգնելու եւ քաղաքական գործընթացներին «իր ձեւով մասնակցելու» մասին հայտարարությունը իշխանությունների կողմից գնահատվել է որպես սահմանադրական կարգը վտանգող կոչ։ Սա թույլ է տալիս դիտարկել քրեական գործը ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես նախազգուշացում այն շրջանակներին, որոնք հրապարակայնորեն փորձում են ընդդիմադիր դիրքորոշում ձեւավորել կամ կանգնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, մեկ շաբաթից լրանում է պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքի ժամկետը։ Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը արդեն նախապատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել կալանքը երկարաձգելու համար։ Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վարդան Հարությունյանը կալանավորվել էր։ Նա ձերբակալվել էր նախօրեին՝ օգոստոսի 7-ի երեկոյան։ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման համար։ Իսկ նպատակն այն էր, որ նրան տեղափոխեն մեկուսարան՝ այն խուց, որտեղ գործարար-բարերար Սամվել Կարապետյանն է, որպեսզի ցանկալի տեղեկություններ ստանան. սակայն իրավապահների պլանը տապալվեց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդան Հարությունյանին եւ Սամվել Կարապետյանին ստիպված առանձնացրել են, տարել տարբեր խցեր, քանի որ նրանք օրվա ընթացքում պարզապես կենցաղային անհետաքրքիր զրույցներ են վարել: Ներկայումս Վարդան Հարությունյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում եւ շարունակում է առարկել իրեն առաջադրված մեղադրանքները։ Նկատենք նաեւ, որ քննչական գործողություններ, որպես այդպիսին, տեղի չեն էլ ունենում. պարզապես Վարդան Հարությունյանը կալանավորված է:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առկա լարվածությունները նոր փուլ են թեւակոխում։ Ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ է, ինչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ խոր լարվածություն կա։ Հայտնի է, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կոռուպցիոն հետաքրքրությունների համար՝ պնդելով, թե վերջինս սպասարկում է վիճակախաղերի ոլորտում բիզնեսմեն ընկերների շահերը։ Փոխարենը, Ալեն Սիմոնյանին հաջողվել է հասնել նրան, որ կուսակցության ներսում ձեւավորվի անվստահություն Հայկ Սարգսյանի հանդեպ։ Ավելին՝ վերջինիս նկատմամբ արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն, եւ տարածվել է կուսակցության հայտարարություն ընդդեմ Հայկ Սարգսյանի: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ Ըստ նույն աղբյուրների՝ ՔՊ-ում այժմ նախընտրում են կանգնել ԱԺ նախագահի կողքին եւ, եթե անհրաժեշտ լինի, «զոհաբերել» Հայկ Սարգսյանին։ Իրավիճակին նպաստել է նաեւ այն, որ Հայկ Սարգսյանը քրեական կապեր ունի. նա Փարաքարում սպանված համայնքի ղեկավարի ենթադրյալ պատվիրատուների հետ է մտերիմ, ուստի հեշտ է նրա դեմ արշավ կազմակերպելը: Հատկանշական է, որ առաջիկայում մեծ աղմուկով ընտրված կուսակցության նոր վարչությունը նախատեսում է քննարկել այս հարցը եւ կայացնել որոշում։























