Օրերս Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի վերաբերյալ։
Նախաձեռնությունն առաջադրել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Լսումներին զուգահեռ՝ խորհրդարանի շենքի առջեւ կազմակերպվել էր ակցիա, որի մասնակիցները իրենց աջակցությունն էին հայտնում նախաձեռնությանը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենտի շրջանակում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք իմպիչմենտի գործընթացից։ Ձեր աջակիցները նշում են, որ ՔՊ-ից էլ կարող են միանալ Ձեզ։ Ինչպե՞ս կգնահատեք ընթացող գործընթացները, եւ ինչպե՞ս են դրանք զարգանում։
Գործընթացների մասին առավել հստակ, կարծում եմ, գործընկերներս կներկայացնեն։ Բայց իմպիչմենտը միակ սահմանադրական գործիքն է, որ պետք է օգտագործեն բոլոր ընդդիմադիր ուժերը։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՔՊ-ից էլ կարող են միանալ, ապա, նախ, կարեւոր է, որ ընդդիմադիր ուժերը համախմբվեն, դրանից հետո նոր կտեսնենք՝ իշխանական ճամբարից ով կցանկանա միանալ։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե ակնկալիքներով, այլ հստակ քայլերով եւ գործողություններով։ Կարծում եմ՝ այդ գործողությունների արդյունքում կկարողանանք հասնել իրական արդյունքի։
-Իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե ընդդիմության նախաձեռնած գործընթացը անիրատեսական է։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ենթատեքստ կա այդ պնդումների մեջ։
-Իշխանությունները բնականաբար կփորձեն ամեն կերպ գործընթացը ներկայացնել որպես անիրատեսական։ Դրա վառ ապացույցն են իշխանական ֆեյքերի տարածած ցածրորակ նյութերը։ Եթե իրենք իսկապես համոզված են, որ գործընթացը անհեթեթ է, ապա ինչո՞ւ են այդքան ռեսուրսներ ներդնում հակաքարոզչության մեջ։ Սա հենց այն ապացույցն է, որ մտավախություններ ունեն։
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ իշխանությունը մտավախություններ ունի՞։
-Այո՛, համոզված եմ՝ մտավախություններ ունեն։
-Կարո՞ղ է արդյոք իշխանափոխություն տեղի ունենալ մինչեւ 2026 թվականը։
-Եթե այդ հնարավորությանը չհավատայինք, այսօր այստեղ չէինք լինի։ Մեր ներկայությունը եւ մեր պայքարը հենց դրա վկայությունն են։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իմպիչմենտի գործընթացի շուրջ միավորվել են պառլամենտական ընդդիմադիր ուժերը։ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց հայտարարության նախագիծ։ Աբրահամյանն ասաց, որ այս ընթացքում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ուժերի, նախաձեռնությունների, գործիչների եւ պարզապես իրավիճակով մտահոգ քաղաքացիների հետ են հանդիպել։ «Առավել առարկայական քննարկումներն ունեցել ենք վերջին 2-3 շաբաթվա ընթացքում քաղաքական դաշտի տարբեր մասնակիցների եւ դերակատարների հետ հանդիպումներում։ Եթե ամփոփեմ վերջին ամիսների քննարկումները, ապա ակնհայտ է, որ առնվազն մի քանի առանցքային հարցերում ընդհանուր առմամբ ունենք ձեւավորված կոնսենսուս։ Առաջինը վերաբերում է Կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերին, որի վերաբերյալ իրական ընդդիմադիր շրջանակներում մոտեցումները ներդաշնակ են։ Երկրորդ՝ մեր ընդդիմադիր դաշտում կա հստակ փոխհամաձայնեցում այն հարցում, որ պետք է առարկայական քայլեր ձեռնարկել՝ գործող իշխանությանն ու նրա ղեկավարին «կոմֆորտ զոնայից» դուրս բերելու եւ իրականության հետ առնչվելու համար։ Երրորդ՝ ընդդիմադիր դաշտում գերիշխող է այն մոտեցումը, որ չպետք է թույլատրել իշխանությանը սեփական օրակարգը հասարակության վզին փաթաթել։ Եվ ընդդիմությունը պետք է այս առումով նախաձեռնողականություն դրսեւորի օրակարգի ձեւավորման եւ խաղի կանոններ թելադրելու առումով»,- ասել էր Աբրահամյանը։
Նախագիծը ներկայացնելուց հետո ընդդիմադիր պատգամավորն ամփոփել էր՝ նշելով. «Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս եւ հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ























