Armenian text to speach

ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՆԴԵՏԱՅԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքում օրեր շարունակ ուժեղացված հսկողություն է սահմանված։ Հատկապես լարված է իրավիճակը Մերձավան բնակավայրում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։

Տեղեկացանք, որ ոստիկանությունը հսկում է ե՛ւ Գրիգորյանների, ե՛ւ Ախտոյանների ե՛ւ Նարեկ Օհանյանի բնակարանները:

Մեր իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, իսկ ծառայողները, մինչեւ ատամները զինված, հսկում են գյուղի անցուդարձը։ Պատճառը Վալոդյա Գրիգորյանի եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունն է։ Իրավապահները չեն բացառում, որ դեպքից հետո կարող է տեղի ունենալ վենդետա, քանի որ քննության ընթացքից դժգոհ են ե՛ւ տուժող ե՛ւ սպանության համար մեղադրվող կողմերը։

Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուժեղացված ծառայության մեջ ներգրավված ոստիկանների շրջանում դժգոհություններ են բորբոքվում. նրանք դժկամությամբ են արձանագրում, որ օրուգիշեր ստիպված են հերթապահել Փարաքարի փողոցներում։

«Հնարավոր չէ ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը եւ կանխել ծանր հանցանքները», – մեզ հետ զրույցում ընդգծել է ոստիկանական աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղի ունեցած ծեծկռտուքի եւ սպանության հաջորդող ամիսներին եւս նույն համայնքում ուժեղացված հսկողություն էր սահմանվել։ Նույնիսկ հենակետեր էին տեղակայվել, սակայն այդպես երկարաժամկետ շարունակվել չէր կարող։

Արդյունքում, որոշ ժամանակ անց հսկողությունը թուլացավ, հենակետերը հանվեցին, եւ հնչեցին դավադիր կրակոցներ, որոնց արդյունքում սպանվեցին երկու երիտասարդ տղամարդիկ։

 

 

 

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Նյու Յորքից վերադառնալուց հետո, որոշել է առողջության ապահովագրության թեման վերցնել իր վերահսկողության տակ։ Տպավորություն է, որ այս ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը ձախողել է ապահովագրության ներդրումը, ինչի հետեւանքով էլ նախարարն անձամբ է հայտնվել գործընթացի առաջատարի դերում եւ հատուկ ասուլիս է հրավիրել դրա վերաբերյալ։ Լենա Նանուշյանը, որը առավել հայտնի է սոցիալական հարթակներում տեսանյութեր նկարելով եւ տարածելով, փաստացի տապալել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ակնկյունաքարային խոստումը։ Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը դեռեւս 2023 թվականին պետք է ներդրված լիներ Հայաստանում, սակայն գործընթացը շարունակաբար հետաձգվել է եւ մինչ օրս կյանքի չի կոչվել։ Իսկ այդ ընթացքում Լենա Նանուշյանի որդին ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, թեպետ Կառավարությունը լուրջ դեմքով պահանջում է, որ մյուսները չխուսափեն բանակից, քաղաքացիություն չփոխեն, բոլորը ծառայեն: Ավելին՝ պարտադիր զորավարժանքից խուսափողների պատիժն են խստացնում: Իսկ փոխնախարար Նանուշյանը ե՛ւ անձնական-ընտանեկան հարցերը լուծեց, ե՛ւ ապահովագրությունը տապալեց ե՛ւ շարունակում է մնալ որպես պետական բարձր պաշտոնյա: Հիմա նախարար Ավանեսյանը փորձելու է իր ձեռքով նոր ընթացք հաղորդել գործընթացին։

 

 

 

 

 

Վերջին օրերին Փարաքարում, այնուհետեւ Սյունիքում եւ Արմավիրում հնչած կրակոցներն ու դրանց հետեւանքով առաջացած քրեածին լարվածությունը դարձյալ հստակեցրել են մեկ բան. իրավապահ համակարգի տարբեր օղակներ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն փորձում են մեղքը բարդել միմյանց վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ յուրաքանչյուր կառույց իր արդարացումն ունի։ Ոստիկանությունում վստահեցնում են, թե իրենք իրենց գործը հստակ կատարում են.  «Մենք անմիջապես հայտնաբերում ու ձերբակալում ենք հանցանք կատարողին, տալիս ենք քննիչներին։ Եթե կալանավորելու փոխարեն ազատ են արձակում՝ դա այլ տիրույթ է, մենք ոչինչ չենք կարող անել»։ Իսկ քննիչները պնդում են հակառակը՝ հայտնելով. «Մենք դատարան ենք ներկայացնում կալանքի միջնորդություններ, սակայն դատարանները որոշում են այլընտրանքային խափանման միջոց կիրառել։ Արդյունքում՝ հանցագործները կրկին ազատության մեջ են հայտնվում»։ Երկու կառույցներն էլ պատասխանատվության խարանը դնում են դատախազության վրա՝ ընդգծելով, որ հենց դատախազությունն է պարտավոր դատարաններում ապահովել մեղադրանքի կուռ պաշտպանություն։ Դատախազության ներկայացուցիչները, սակայն, իրենց հերթին վստահեցնում են, որ բոլոր դեպքերում բողոքարկում են դատարանների որոշումները բոլոր վերադաս ատյաններում եւ գործում օրենքի սահմաններում։ Այսպիսով՝ ստեղծվել է փակ շրջան. ոստիկանները մատնանշում են քննիչներին ու դատարաններին, քննիչները՝ դատարաններին, դատախազությունը՝ վերադաս ատյաններին ու դատարաններին։ Իսկ մինչ իրավապահ մարմինները միմյանց ուղղված մեղադրանքների ու արդարացումների մեջ են, կրակոցներն ու սպանությունները շարունակում են ցնցել հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկա օրերին կանդրադառնա նաեւ դատական իշխանության տեսակետին՝ հասկանալու համար, թե ինչու են հնչող կրակոցների հեղինակները կրկին հայտնվում ազատության մեջ։

 

 

 

 

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թեպետ պնդում է, որ իր ունեցվածքի զգալի մասը ունեցել է մինչեւ հեղափոխությունը, նրա հայտարարագիրը, սակայն, հակառակն է փաստում։ Ապացույցներից մեկը Տիգրան Ավինյանի 66-ամյա հոր՝ Արմեն Ավինյանի կողմից Սեւանա լճի ափին կառուցվող առանձնատան հանգամանքն է։ «Հետքը» գրել էր, որ Տիգրան Ավինյանի հայրը Սեւանում առանձնատուն է կառուցում: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն է արձանագրել, Ավինյանների առանձնատան համար այս օրերին հատուկ ճանապարհ է կառուցվում հայկական տուֆից։ Հայաստանում ամենալավ տուֆը, որը կարող է օգտագործվել ճանապարհաշինարարության համար, բավականին թանկ արժե՝ 500-ից 600 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղի վարչական ղեկավար Նաիրի Պողոսյանի հետ հասկանալու համար՝ արդյոք Երեւանի քաղաքապետի հոր շքեղ առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է համայնքայի՞ն բյուջեով, թե՞ անձնական միջոցներով: Վարչական շրջանի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե համայնքը չի աջակցում տան ճանապարհի կառուցմանը: Նա նկարագրեց, որ այդ ճանապարհը պետք է անցնի տարբեր սարալանջերով, համարեց, որ հեռանկարային է այդտեղ ինչ-որ բան կառուցելը։

 




Լրահոս