Armenian text to speach

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի Պուշկինի փողոցի շենքերից մեկում օրերս բռնկված հրդեհը լայն քննարկումների տեղիք է տվել։ Սոցցանցերում տարածվում են տարբեր վարկածներ այն մասին, թե հրդեհը դիտմամբ է կազմակերպվել։ Մեղադրանքների թիրախում հաճախ հիշատակվում են քաղաքային իշխանությունները։

 

Հրդեհված շենքում՝ Պուշկինի 4 հասցեում, գործում է «ArtKvartal» ժամանակակից արվեստի պատկերասրահը, որը հիմնադրել են արվեստագետներ Հարություն Հովսեփյանն ու Սերո Սողոմոնյանը։ Տարածքը նրանց տրամադրել էր սեփականատերը։ Հենց այստեղ էլ ծավալվել են խոսակցություններ, թե նպատակ են ունեցել շենքը քանդելու ու կառուցապատում իրականացնելու, սակայն սեփականատերը հրաժարվել է վաճառքից, ուստի այն դիտմամբ հրկիզվել է։

Արվեստագետ Հարություն Հովսեփյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման ենթադրությունները անվանեց անհիմն:

-Պարո՛ն Հովսեփյան, ի՞նչ վարկածներ ունեք Դուք հրդեհի՝ կազմակերպված լինելու վերաբերյալ։

-«Ֆեյսբուքում» կարող են նման անլուրջ խոսակցություններ լինել, թե իբր դիտմամբ է արվել։ Շատ դեպքերում պատահարի ժամանակ հասարակությունն սկսում է ենթադրել, թե դա միտումնավոր է։ Բայց ես նման վարկած չունեմ։

-Դուք ինչպե՞ս տեղեկացաք հրդեհի մասին։

-Ես հասցրի միայն փողրակը միացնել, ինչ-որ բան փորձել անել, հետո արդեն հրշեջները եկան։ Մենք ինքնակազմակերպվեցինք։

-Այսինքն՝ լիովին բացառո՞ւմ եք դիտավորյալ հրդեհի տարբերակը։

-Այո։ Այս տարածքի տակով մետրո է անցնում, շուրջբոլորը բնակելի տներ են։ Չէր կարող այստեղ նման բան կազմակերպվել։

Հովսեփյանի խոսքով՝ ներսում պահվող նկարները հաջողվել է դուրս բերել։

ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրդեհի հետեւանքով այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), ինչպես նաեւ գույք ու սարքավորումներ՝ մասամբ։

Հարկ է նշել, որ շենքը 2021 թվականին հանվել է Կառավարության 2013 թվականի որոշմամբ հաստատված՝ «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքների ցանկից։ Այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել էր, որ, հաշվի առնելով պատմամշակութային արժեքների պահպանման խնդիրը, որոշվել է տվյալ հասցեները հանել այդ ցուցակից։ Քաղաքապետարանին առաջարկվել էր մշակել նոր քաղաքաշինական սխեմա։

«Ես ուզում եմ ուղղակի հատուկ շեշտել, որ պատմամշակութային արժեք ներկայացնող նման շենքերի ձեւափոխումները, քանդումը, տեղափոխումը, ընդհանուր առմամբ, ընդունելի չէ կառավարության համար», – նշել էր Ավինյանը:

Սակայն մինչ օրս շենքի պատշաճ պահպանման ուղղությամբ ոչինչ չի արվել։ Հիմա արդեն հրդեհից հետո այն կանգնած է փլուզման վտանգի առաջ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս