Armenian text to speach

ՀՊԱՐՏ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ՆՈՐԻՑ ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Wizz Air ավիաընկերությունը երեկ Երեւանում հանդիսավոր միջոցառմամբ հայտարարեց իր 34-րդ բազայի բացման մասին։ Ընկերությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայեց Airbus A321 Neo տիպի երկու օդանավ, ինչը պաշտոնական ներկայացմամբ դիտարկվում է որպես նոր ներդրում հայկական ավիացիայի զարգացման գործում։ Թեեւ այս իրադարձությունը անշուշտ կարող է դիտվել որպես ոլորտի համար դրական քայլ, այնուամենայնիվ կա նաեւ մեդալի հակառակ կողմը. պետական բյուջեից դրա համար նախատեսվում է միլիարդավոր դրամների հատկացում։

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստանի օդային ուղեւորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր խթանել ավիացիոն շուկան եւ ընդլայնել ուղեւորափոխադրումների աշխարհագրությունը։ Այս որոշումից անմիջապես հետո Wizz Air-ը հայտարարեց իր մասնակցության մասին՝ համապատասխանեցնելով իր ռեսուրսները ծրագրի պայմաններին եւ դառնալով աջակցության շահառու։

Ըստ կառավարության սահմանած մեխանիզմի՝ «Շիրակ» օդանավակայանից նոր ուղղություններով փոխադրվող յուրաքանչյուր ուղեւորի համար ավիաընկերությանը հատկացվելու է 15 հազար դրամ, իսկ «Զվարթնոց» ժամանողների համար՝ 20 հազար դրամ։ Սակայն կարեւոր կետ է ընդգծված, որ տարանցիկ ուղեւորների համար, որոնք Հայաստան մուտք չեն գործելու, որեւէ աջակցություն նախատեսված չէ։

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում կայացած պաշտոնական բացման ժամանակ տեղի ունեցավ նաեւ մամուլի ասուլիս։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, արձանագրելով հանրային քննարկումների հիմնական մտահոգությունները, մի քանի խնդրահարույց հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին։

-Պարո՛ն Պապոյան, խնդրում ենք հստակ թվերով նշել, թե ուրիշների՝ Հռոմում սուրճ խմելու համար ի վերջո որքա՞ն է վճարելու Հայաստանի հպարտ հարկատուն, ինչպես ժամանակին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նախարարը նախ փորձեց հավաստիացնել, թե ծրագիրը չափազանց մեծ բեռ չի դառնալու բյուջեի համար, ապա, այնուամենայնիվ, հնչեցրեց կլոր թիվ.

-Հայաստանի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել շուրջ 3 միլիարդ դրամ։

Փաստորեն, Հռոմում սուրճ խմելու համար ՀՀ հպարտ հարկատուների քրտինքով կուտակած բյուջեից ծախսվելու է մոտ 80 միլիոն դոլար։

«Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց նաեւ «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշին պարզելու համար՝ արդյո՞ք այսպիսի ֆինանսական սուբսիդիաների տրամադրումը միջազգայնորեն ընդունված փորձ է։

Տիշը նշեց, որ դժվարանում է մատնանշել կոնկրետ երկրների ցանկ, սակայն ընդգծեց, որ ավիացիոն շուկայում նմանատիպ ներդրումները համարվում են ստանդարտ գործընթաց. դրանք խթանում են աշխատատեղերի ստեղծումը եւ ունեն տնտեսական կողմնակի արդյունքներ։

Նշենք, որ Wizz Air-ն արդեն հաստատել է իր առաջիկա թռիչքների ուղղությունները Երեւանից. ընկերությունը պատրաստվում է իրականացնելու ավիաչվերթներ դեպի Լարնանկա, Նեապոլ, Պրահա, Համբուրգ, Փարիզ, Բուխարեստ եւ մի շարք այլ եվրոպական քաղաքներ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս