Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու Քննչական կոմիտեն արձագանքել են «Ժողովուրդ»-ի հարցումներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանին։ Ավագյանը մինչ այդ տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։
«Ժողովուրդ»-ի հարցմանը արձագանքելով՝ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։
Ի պատասխան մեր հարցման՝ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ անձի մահվան դեպքով ՀՀ ՔԿ-ի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փաստաբանը պնդում է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդիրների մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որ հոլովակներ է նկարում խաղողի մթերման, ինքնաթիռների եւ այլ պատկերների ֆոնին, անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը, որոնք մեկ ամսից ավելի փաստացի պատանդառվել են Ռուսաստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկա»-ի ղեկավարությունը դիմել է էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պաշտոնական ճանապարհով պարզել, թե Մոսկվան ինչու է այս տարվա օգոստոսի վերջին արգելափակել 150 բեռնատարների մուտքն իր տարածք։ Սակայն նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին. «Խնդիրը վերաբերում է կոնկրետ ընկերության, որը ՌԴ իրավապահ մարմինների հետ ունի խնդիրներ, եւ հարցը այդ շրջանակում պիտի պարզաբանվի: Հաշվի առնելով «Սպայկա» ընկերության հեղինակությունն ու ունեցած դիրքը Հայաստանի տնտեսության մեջ՝ առաջարկում ենք հարցերն ուղղել ընկերությանը»: Մեր մյուս հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հայկական կողմից խնդրի լուծման եւ ռուսական կողմի հետ բանակցությունների մակարդակում, նախարարությունը տվել է պապոյանական ոճով անհասկանալի պատասխան. «ՀՀ ՌԴ տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ բարձր տեմպերով, արտահանումը բարձր տեմպերի վրա է, եւ խնդիրը դրա հետ կապված չէ: Նախարարությունը, որտեղ հնարավոր է, փորձել է աջակցել տնտեսվարողին»: Այսինքն՝ նախարարությունը եւս արձանագրում է «Սպայկա»-ի կարեւոր դերը մեր տնտեսության մեջ, եւ խոստովանում, որ չի կարող օգնել հայ տնտեսվարողին: Սա դասական անպատասխանատվություն է պետության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հավելենք, որ «Սպայկա» ընկերությունը դեռ մոտ 20 օր առաջվա հաշվարկներով շուրջ 2 մլն դոլարի վնաս էր կրել:



















































































