Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախարարի հետ զրուցել մի շարք մտահոգիչ հարցերի վերաբերյալ, սակայն վերջինս հիմնականում խուսափողական եւ զուսպ պատասխաններ էր տալիս։
Զրույցի ընթացքում փորձեցինք անդրադառնալ ինչպես հոգեբուժարաններից հարկադիր բուժվողների փախուստներին, այնպես էլ շտապօգնության ծառայության վարորդների հետ կապված վերջին ողբերգական դեպքերին։
-Տիկի՛ն Ավանեսյան, ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ. վերջին շրջանում մամուլում եւ պաշտոնական հաղորդագրություններում հրապարակվում է, որ հոգեբուժարաններից փախուստի են դիմում առողջական խնդիրներ ունեցող անձինք։ Սա առավելապես առողջապահության նախարարության բացթողումն է, եւ հասարակությունը նույնպես վախեցած ու մտահոգված է այս խնդրով։ Ի՞նչ կասեք Դուք:
-Կխնդրեմ գնահատականներ չտալ. մենք մանրամասներ չգիտենք բուժառուի դիագնոզի կամ նրա վարքագծի առանձնահատկությունների վերաբերյալ։ Նման դեպքեր, թեեւ հազվադեպ, բայց լինում են։
Իհարկե մենք մտահոգված ենք եւ քայլեր ենք ձեռնարկում. այժմ բարելավում ենք շենքային պայմանները։ Ինչպես գիտեք, մեր հոգեբուժարանները ներկայում վերանորոգման փուլում են։ Ձեր մատնանշած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություններ են իրականացվում։
-Իսկ Դուք Ձեր անձնական մեղքի բաժինը չե՞ք տեսնում այս իրավիճակում։
-Ես կառավարում եմ առողջապահական համակարգը եւ իրականացնում բարեփոխումներ։ Վստահ եմ, որ այդ բարեփոխումները ժամանակի ընթացքում իրենց արդյունքը կտան։
-Տիկի՛ն Ավանեսյան, հաջորդ խնդիրը վերաբերում է շտապօգնության աշխատակիցներին, մասնավորապես՝ վարորդներին, որոնց հետ վերջերս տեղի ունեցան ողբերգական ավտովթարներ։
-Դրանց պատճառները մեզ դեռեւս հայտնի չեն։ Այս տեղեկատվությունը ճշտման կարիք ունի։ Խնդրում եմ՝ հարցումները ներկայացնել գրավոր։
-Իսկ Դուք անձամբ ճշտումներ արե՞լ եք՝ դեպքերի հանգամանքները պարզելու համար։
-Այո՛, ես բոլոր ճշտումները անում եմ, անհրաժշտ միջոցառումներ իրականացնում եմ: Դեռ կտեսնեք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ























