900 ապրանքի մասով մեր պայմանները պետք է ներկայացնենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն արդեն անշրջելի է, սակայն դեռ չի հաստատվել այն 900 ապրանքատեսակի ցանկը, որոնց մաքսատուրքերը ՄՄ-ին միանալուց հետո չեն թանկանա: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն էլ օրերս կայացած ասուլիսի ընթացքում, պատասխանելով armlur.am-ի հարցին, նշել էր, որ այդ ապրանքների թիվը կարող է նվազել:

Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, ով իր կուսակցության տարածած հաղորդագրությունում նշել էր, թե Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացման շահերից:

Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, թե հիմա էլ այն կարծիքին է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները միայն օգուտ են մեր երկրի համար:

«Մենք չունենք բարձր տեխնոլոգիաներ, որ կարողանանք մրցակից լինել եվրոպական շուկայում: Պարզ երևում է, թե ինչ վիճակում է Բուլղարիան, Ռումինիան: Բուլղարիան անգամ իր սեփական բիբարն ու լոլիկն է տանում վաճառքի, որովհետև ուրիշ ստանդարտներ են: Այնպես որ այստեղ անհրաժեշտ է, որ մենք ճիշտ քաղաքական գիծ վարենք և 900 տեսակի ապրանքի հետ կապված՝ մեր պայմանները ներկայացնենք», – նշեց նա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրքի տեսանկյունից շատ կարևոր գործընկեր է  Ռուսաստանի համար: Ըստ նրա՝ այդ ապրանքների ճակատագիրը կախված է նրանից, թե ով է բանակցություններ վարողը և ով ինչ նպատակ է դնում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս