
Քաղաքական դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների մեծ մասի համար պարզ է, թե ինչ են ուզում, որտեղից են գալիս եւ ուր են գնում: Ընդդիմադիրներն իրենց դաշտում են փորձում միավորվել ու վերամիավորվել, որոշներն էլ առանձին են մասնակցելու ընտրություններին, իշխանական դաշտում էլ լայն թափով քարոզարշավ է սկսվել: Միայն անհայտ է «Բարգավաճ Հայաստան»-ի կարգավիճակը: Չգիտի` ընդդիմադիր դաշտո՞ւմ շարունակի սկսված քարոզարշավը, թե՞ իշխանական: Այս կուսակցությանը խանգարում են ՀՀ երեք նախագահները: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին անհարմար վերլուծություն հրապարակեց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներքին խարդավանքներով է փորձում ԲՀԿ-ին պահել իր տիրույթում, դե իսկ Սերժ Սարգսյանն առայժմ քաղաքակիրթ մեթոդներով է հասկացնել տալիս, որ ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելն այնքան էլ լավ հեռանկար չի ուրվագծի իշխող կոալիցիայի անդամ կուսակցության համար: Այսպիսով` ԲՀԿ-ն ծանր կացության մեջ է հայտնվել ու հավանաբար կընտրի ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալու տարբերակը: