«Ես բիզնեսից հեռու մարդ եմ, բիզնեսից ոչինչ չեմ հասկանում և երբեք չեմ հայտարարել, թե Սենիկ Ջուլհակյանը լվանում է Սուրիկ Խաչատրյանի փողերը»,- Armlur.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՀՀ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով Ջուլհակյանի հայցին` ուղղված իր դեմ:
Նշենք, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության սեփականատեր Սենիկ Ջուլհակյանը պատասխանող Հմայակ Հովհաննիսյանից պահանջում է, որ վերջինս ներողություն խնդրի իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող արտահայտությունների համար, իսկ զրպարտության ձևով վիրավորող տեղեկությունները հերքի լրատվամիջոցով: Ջուլհակյանը Հովհաննիսյանից պահանջում է նաև 600 000 ՀՀ դրամի փոխհատուցում:
Նշենք նաև, որ գործով երրորդ անձ է «Առավոտ» օրաթերթը:
Դատական նիստին Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ կարող է ներկայացնել լրատվամիջոցի և զրույցի ձայնագրությունը` ապացուցելու համար, որ ինքը նման հայտարարություն չի արել: Սրան ի պատասխան` հայցվոր կողմի փաստաբանն ասել է, որ այդ դեպքում իրենք հետ կվերցնեն հայցը:
Հմայակ Հովհաննիսյանի հավաստմամբ` սա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հետապնդումներ են իրականացվում: Ի հավելումն սրա` Հովհաննիսյանը նշեց, որ դատարանը միշտ իր դեմ տարբեր տեսակի գործեր է վարույթ ընդունում:
«Ես ընդամենը ասել եմ, որ նա Սուրիկ Խաչատրյանի բիզնես գործընկերն է, ինչը նաև ինքը չի հերքում: Եվ շատ հնարավոր է, որ այդ ՓԲԸ-ի բաժնետոմսերը Ջուլհակյանը գնել է հենց Սուրիկ Խաչատրյանի օժանդակությամբ: Բայց դա չի նշանակում, որ ես ասել եմ, թե նա լվանում ա Սուրիկ Խաչատրյանի փողերը»,- ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ ինքն առաջարկել է վերականգնել գրաքննությունը, քանի որ մարդկանց խոսելու իրավունքից զրկում և դատական քաշքշուկների մեջ են գցում:
Հմայակ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ջուլհակյանի համար հարցն անձնավորված է, ինչը նպատակ է հետապնդում անել այնպես, որ ինքը հրաժարվի իր տարածքից:
«Նպատակը Քաղաքագետների միության տարածքը Սենիկ Ջուլհակյանին հարմար ձևով վերցնելն է, ինչի համար էլ անընդհատ դատական քաշքշուկների մեջ են գցում ինձ: Նրանք ցանկանում են մեզ պարտադրել Սենիկ Ջուլհակյանին հանձնել գրասենյակը»,- այսպիսի տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը:
Տաթև Հարությունյան