Որքան էլ մենք բոլորս գիտակցենք, որ հայոց բանակը կիսապատերազմական վիճակում գտնվող մեր պետության ամենակարեւոր հիմնասյուներից մեկն է, որի մասին խոսելիս պետք է հնարավորինս զգույշ եւ չափավոր լինենք, միեւնույն է, գրեթե ամեն շաբաթ խաղաղ պայմաններում զոհվող յուրաքանչյուր զինվորի մահվան փաստն ինքնին շատ ավելի է վարկաբեկում մեր բանակը, քան բոլոր լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների քննադատությունները միասին վերցրած: Բանակում յուրաքանչյուր չբացահայտված սպանությունը կամ որ հաճախ նույնն է` ինքնասպանությունը, շատ ավելի են խարխլում մեր պետականության հիմքերը, քան այդ խայտառակության մասին բարձրաձայնող բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների անկեղծ կամ անգամ ինչ-ինչ միտումներ պարունակող ահազանգերը: Եվ քանի դեռ երկրի բարձրագույն իշխանությունում եւ պաշտպանության նախարարությունում չեն գիտակցում այդ անվիճելի իրողությունը, նրանց բոլոր` գուցե եւ անկեղծ ջանքերը` ուղղված բանակի առողջացմանը, դատապարտված են ձախողման:
Սակայն եթե նույն ՊՆ ներկայացուցիչների բերած անգամ վիճելի փաստարկներին ու հավաստիացումներին կարելի է ինչ-որ տեղ ըմբռնումով մոտենալ, ապա իշխանության վերին օղակներում հայտնված որոշ գործիչների հոխորտալից հայտարարությունները ոչ միայն անթույլատրելի են, այլեւ բարոյական չեն: Խոսքը հատկապես որոշ երիտկարիերիստների մասին է, որոնք ինչ-ինչ ճանապարհներով ժամանակին խուսափել են hայոց բանակում ծառայելուց եւ հիմա իրենց իրավունք են վերապահում մեծ-մեծ խոսել բանակի մասին: Նման «հռետորներով» հատկապես հարուստ է ՀՀԿ-ն, որի երիտթեւի առավել կարկառուն ներկայացուցիչների գերակշիռ մասը չի ծառայել հայոց բանակում: Նրանց թվին են պատկանում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ երիտասարդ թեւի ղեկավար, թեեւ արդեն ոչ այնքան երիտասարդ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով երեկ իրեն իրավունք է վերապահել խորհրդարանի ամբիոնից դասեր տալ բանակի «լավը չուզողներին»` ի դեմս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի: «Այսօր Սաքունցին ու նրա նման հայրենիք չունեցողներին շատ մեղմ անուն են տալիս՝ գրանտակերներ, բայց կար ժամանակ, որ արտասահմաններից գումար ստացող եւ իրենց երկրում ուրիշների շահերն առաջ տանող մարդիկ կոչվում էին ուղղակի լրտեսներ կամ դավաճաններ»: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են կոչվում բանակից խույս տված երիտցեղակրոնները, որոնք իրենց շատ քաջ են զգում ԱԺ ամբիոնից «գրանտակերներին» հաթաթաներ տալիս: « Զինված ուժերի հետ կապված ամեն ինչ մեզ համար խիստ թանկ է, եւ թույլ չենք տալու, որ ձեզ նմանները վարկաբեկեն Հայաստանի ամենակայացած ինստիտուտը»: Ախր ո՞նց չեք հասկանում, պարոնա՛յք հանրապետականներ, որ «Հայաստանի ամենակայացած ինստիտուտը» ամենից շատ վարկաբեկում եք հենց դուք` բանակում չծառայած, սպիտակ ձեռնոցներով ձեր երիտկուսակիցների նման ռազմահայրենասիրական հայտարարություններով:
ՎԱՐԿԱԲԵԿՈՂՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ