ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ որոշում կընդունվի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ։ Թե ինչ որոշում կկայացվի, պարզ կլինի քննարկումն ավարտելուց հետո։
Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին բաց նամակով։
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
«Հարգելի տիկին Վարդապետյան,
նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, քանի որ վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է՝ չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ։
Հարգանքով՝ Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյան»։
Ի պատասխան փաստաբանի բաց նամակի՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նամակը մուտքագրվել է և գտնվում է քննարկման փուլում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստից հետո իրավապահները բերման էին ենթարկել մեղադրյալներից մեկի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։
Քնար Մանուկյան

























































































