ԱՅԼԸՆՏՐԱՆՔ. «ՊԼԻՆՏՈ՞ՒԶ», ԹԵ՞ «ՊԱՏԱԼՈԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միջեւ սեւ կատու է անցել. մինչ դաշնակցական պատգամավորները պաշտոնական կամ ոչ պաշտոնական  զրույցներում ակնարկում են, թե խիստ կասկածելի է, որ Լարիսա Ավավերդյանի ստացած 4 ձայները «Ժառանգության» ձայներն են, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից  էլ գրեթե բաց տեքստով ասում են, որ ԱԺ նախագահի քվեարկության արդյունքներն անակնկալ էին դաշնակցականների համար: Մինչ այդ ՀՅԴ-ից հույս են ունեցել, որ կգտնվեն ինչ-որ հանրապետականներ, որոնք դեմ կքվեարկեին Նիկոյանին, եւ իրենք այդ «սոուսի» տակ կանցնեն` ներկայացնելով, թե իբր դրանք  իրենց ընդդիմադիր գործընկերոջ ձայներն են:
Նման ակնարկներն ու խոսակցություններն ընկել են ոչ միայն լրագրողների, այլեւ «Ժառանգության» ականջը: «Տիկին Անահիտ Բախշյանը հանձնաժողովի անդամ էր, եւ նա հրաշալի հիշում է քվեաթերթիկների ու քվեարկության ձեւերը, ինչպես են նշումները, որոնք մենք անգիր գիտենք, եւ հետեւաբար թող որեւէ մեկը խաղ չխաղա ու խորհրդավորություն չստեղծի, ամեն մեկը թող արդարացնի իր որոշումը: Ոչ թե ինչ-որ բաներ ակնարկել, թե ինչ-որ բաներ գիտեն, մենք էլ ինչ-որ բաներ գիտենք հանձնաժողովից»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Հարցին, թե հնարավոր է, որ քվեարկության տեսքով այս փորձաքարը բացառի, սահմանափակի ՀՅԴ-«Ժառանգություն» հնարավոր համագործակցությունը, ի վերջո` դաշինքը ընտրությունների ժամանակ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Որքան էլ մարդկային հարթության վրա դրանք արժանանան մեր տարբեր գնահատականներին, մեզ համար կարեւոր են երկրի խնդիրները, եթե նրանք եւ մենք կհայտնվենք մեկ խնդրի կողքին, էդ դեպքում մենք ուշադրություն չենք դարձնի, թե ինչպես են նրանք քվեարկել»,-ասաց Սաֆարյանը, սակայն նաեւ չթաքցրեց, որ այդ քվեարկությունը, ցավոք սրտի, նեղացնում է ՀՅԴ-ի հետ համագործացության շրջանակը:
Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե ինչու 6 անդամ ունեցող «Ժառանգություն»-ը ստացավ 4 ձայն, ապա Սաֆարյանն ասաց, որ կարողացել են ապահովել ՀՀ-ում գտնվող իրենց բոլոր 4 պատգամավորների ձայները. Զարուհի Փոստանջյանը դեռ Ռուսաստանում էր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, առաջադրելով տիկին Ալավերդյանին, կարծել է, որ քվեարկությունը կկազմակերպվի նույն օրը, չէր կարող հետաձգել իր թռիչքը Մարսել: Նա եւս ԵԺԿ-ի Կոնգրեսի հրավիրյալներից է: Ամեն դեպքում պարզ է, որ այդ մեկ ձայնը, որը չէր կարող վճռորոշ լինել, ակնհայտորեն Լարիսա Ալավերդյանինն էր լինելու:
Դաշնակցության հաջորդ հակափաստարկը կարծես այն է, որ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը լուրջ չէ եւ համաձայնեցված չէ իրենց հետ: Տիկին Ալավերդյանի «անլրջությունն» այն առումով է, որ ամեն անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան` որպես այլընտրանք, առաջադրում է, իսկ մեծամասնությունը` ամեն անգամ մերժում:
«Ժառանգություն»-ից մեկ այլ անդամ, չցանկանալով, որ իրեն հղում արվի, նկատեց, որ այդ առաջադրումով իրենք ինչ-որ առումով փորձում էին ՀՅԴ-ին. թե մինչեւ որտեղ կտարածվեն մոնոլիտ իշխանության շոշափուկները: Կամ էլ` ինչպես ավելի պատկերավոր ներկայացվեց` «այս կերպ փորձեցինք հստակեցնել` ընտրում են պատալո՞կը, թե՞ պլինտուսը»:
Այնպես որ, տրոհման գործընթացներ սկսվել են ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ճամբարում: Բայց սա զարմանալի չէ, որովհետեւ առջեւում ընտրություններ են: Ինչպես կասեր «Մաուգլի»-ի օձը` Կաան, «էտո վեսնա, Մաուգլի՛»:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս