Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, օրվա տարբեր ժամերին, այդ թվում՝ ուշ երեկոյան եւ կեսգիշերին, Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանը ծանուցագրեր է ուղարկել մի շարք հոգեւորականների։ Հետաքրքիր կլիներ իմանալ` աշխատանքային իր երկարամյա պրակտիկայի ընթացքում քանի՞ անգամ է Սարգսյանը ուշ գիշերով ծանուցագիր ուղարկել քաղաքացիներին։
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգեւորականները ՔԿ ներկայանալու առնչությամբ հայտարարություն էին տարածել.
«Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ. հոկտեմբերի 26-ի առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու եւ այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգեւոր պարտականությունները եւ կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության», – ասված էր հայտարարության մեջ։
Իսկ ո՞վ է այն քննիչը, որը նման հրատապությամբ փորձել է հարցաքննել հոգեւորականներին: Նազելի Սարգսյանը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը, ապա նույն բաժնում՝ ավագ քննիչ։
2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Նազելի Սարգսյանը անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար 867 դրամ։
Կանխիկ դրամական միջոցը կազմել է 1 մլն 630 հազար դրամ։
Ավագ քննիչի աշխատանքի վարձատրությունը կազմել է 9 մլն 826 հազար դրամ։
Սարգսյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 953 հազար դրամ։
Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի առանցքային խոստումներից մեկը՝ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, կարծես մնացել է սոսկ խոստում։ Ծրագիրը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանի օրոք այն փաստացի չշարժվեց տեղից, իսկ վերջին շրջանում թեման ամբողջությամբ անցել է նախարար Անահիտ Ավանեսյանի վերահսկողության տակ։ Նախարարը հիմա է մամուլի ասուլիսներով փորձում բացատրել, թե երբ կգործի ապահովագրական համակարգը, ինչպես, ծախսերի ինչ ծածկողականությամբ եւ այլն: Իսկ փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»։ Նախարարության աշխատակիցներն անգամ հումորով միմյանց են ուղարկում նրա տեսանյութերը՝ «առողջապահությունը story-ներով» մեկնաբանությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը, որը տնային կալանքի տակ է գտնվում, ու քրեական վարույթի շրջանակում զննություններ են իրականացվել։ Ինչպես հայտնի է, նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք. նա շարունակում է կրել կալանքը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը։ ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չեն պատրաստվում «նահանջել» եկեղեցու դեմ սկսված արշավից: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ գտնվող աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի դեմ արշավը շարունակվելու է, իշխանականները ամենօրյա ռեժիմով նրան քննադատելու են՝ հորդորելով հրաժարական տալ: Իսկ Փաշինյանը փորձելու է իր շուրջ հավաքել այն հոգեւորականներին, ովքեր պատրաստ են իր հետ քայլերթով հասնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանի կարծիքով դեռ չի հասունացել Վեհարան գնալու ժամանակը, դրա համար դեռեւս կշարունակեն Հովհաննավանքում պատարագների ժամանակ մարդկանց համախմբել, իսկ երբ նկատեն, որ մարդկանց թիվը ավելանում է, նոր կքայլեն դեպի Մայր Աթոռ` Փաշինյանի ուղեկցությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ կարագալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ) եւս վստահեցրել է, որ մեծ «բանակ» կհավաքվի իր շուրջ, ու արդեն քայլեր կկարողանան ձեռնարկել Կաթողիկոսի հեռացման հետ կապված: Կարճ ասած՝ Փաշինյանը հանրության միավորմանն է սպասում դեպի Մայր Աթոռ գնալու համար, ինչն այս կիրակի չստացվեց, քանի որ իրենց ասած «10 հազար մարդու» փոխարեն հազիվ, պետական ռեսուրսների միջոցով, կարողացան 1000 հոգու Հովհաննավանք պատարագի «տանել»: Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է:



















































































