Armenian text to speach

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՀԵՆՔ». ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նոյեմբերի 16-ին կայանալիք Էջմիածնի ընտրությունների եւ այդ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղթանակի հնարավորությունների վերաբերյալ։

 

-Տիկի՛ն Խաչատրյան, «Հանրապետություն» կուսակցությունը սկսել է իր քարոզարշավը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններից։

-Կարծում եմ՝ կայացած յուրաքանչյուր քաղաքական ուժի ակնկալիքը մեկն է՝ հաղթել ընտրություններում։ Քարոզարշավի ընթացքում մենք համոզվել ենք, որ հնարավոր է ստանանք մեր 50 եւ ավելի տոկոս քվեն։ Մենք հավատում ենք հաղթանակի։

-Այդ դեպքում ո՞ւմ եք համարում ձեր հիմնական մրցակիցը։

-Էջմիածնում հարցը շատ հստակ է դրված. Վաղարշապատում տեղի ունեցող ընտրությունները լինելու են ոչ թե համայնքային, այլ քաղաքական։ Այդ իսկ պատճառով մենք ընտրել ենք քաղաքական քարոզարշավի տարբերակը։ Գործնականում գրեթե բոլոր առաջադրված ուժերը մի կենտրոնից կառավարվող ուժեր են եւ փորձում են Էջմիածնում կրկնել Գյումրու ընտրությունների սցենարը։ Մենք դա թույլ չենք տալու եւ պատրաստ ենք խոչընդոտել նման զարգացումներին։

-Տիկի՛ն Խաչատրյան, երբ ասում եք, որ Գյումրու սցենարը չպետք է կրկնվի, ի՞նչ նկատի ունեք։ Խոսքը քաղաքական դեմքերի՞ մասին է, կոալիցիաների՞: Ինչի՞ մասին է մասնավորապես։

-Գյումրու ընտրությունների արդյունքը մի դրական կողմ ուներ. Հայաստանի քաղաքացին տեսավ ամեն ինչ եւ այլեւս չի գնա նույն ճանապարհով։ Գյումրիում տեղի ունեցավ ցանցային առաջադրում՝ պրոռուսական եւ «մերձքոչարյանական» ուժերի կողմից, որոնք խաբեցին ժողովրդին, եւ մարդիկ հավատացին նրանց՝ քվե տալով Վարդան Ղուկասյանին։ Սակայն այժմ էջմիածնեցուն արդեն դժվար կլինի խաբել։ Վաղարշապատում իրավիճակը այլ է, այստեղ մարդիկ ավելի իրազեկ են, իսկ Գյումրին դարձավ չխաբվելու վառ նախադեպը։

Վարդան Ղուկասյանը իրականում այն հավաքական կերպարն էր, որը բացեիբաց ասում էր, որ չի ընդունում Հայաստանի անկախությունը եւ Հայաստանը տեսնում է Ռուսաստանի կազմում՝ միութենական պետության օրինակով։

Վաղարշապատում ութ թեկնածու է առաջադրված, որոնցից առնվազն վեցը պրոռուսական ուժեր են։ Մյուսը ներկայացնում է կենտրոնական իշխանությունը։ Այս իրավիճակում մենք մնում ենք միակ իրական այլընտրանքային ուժը՝ իշխանության եւ պրոռուսական ուժերի միջեւ։

-Եթե այնպես ստացվի, որ իշխանությանը կրկին անհրաժեշտ լինի կոալիցիա կազմել, ինչպես Երեւանում, կմիանա՞ք նման համագործակցությանը։

-Եկեք չսահմանափակվենք միայն «Քաղաքացիական պայմանագրով»։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ եթե երբեւէ Հայաստանի բոլոր իշխանությունները լինեն կոալիցիոն, դա կլինի մեր երկրի կառավարման լավագույն շրջանը։ Կոալիցիոն իշխանությունը տարբեր քաղաքական ուժերից ձեւավորված կառույց է, որտեղ ուժերը զսպում են միմյանց, եւ այդ փոխզսպման արդյունքում ծնվում են լավագույն լուծումները թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ քաղաքացու համար։

Այո՛, ես կողմնակից եմ կոալիցիոն համագործակցությունների գաղափարին։ Սակայն այս պարագայում կարող եմ հստակ ասել՝ այսօր, վաղը եւ երբեւէ «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա չի կազմի «մերձդաշնակա-քոչարյանական» կամ պրոռուսական ուժերի հետ։ Բայց մենք բաց ենք նման համագործակցության համար ընդհանուր առմամբ։

Օրինակ՝ Մեղրու նախադեպը. նախընտրական փուլից հետո մենք կոալիցիա կազմեցինք Սամվել Բաբայանի քաղաքական ուժի հետ։ Մեղրին հաճախ մոռացության է մատնվում, մինչդեռ դա եւս դրական օրինակ էր։ Շատերը հիշում են միայն Երեւանի դեպքը, երբ համագործակցեցինք կենտրոնական իշխանության հետ։

Սակայն վստահ եմ՝ Վաղարշապատում կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ մենք կհավաքենք ձայների մեծամասնությունը։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 




Լրահոս