Armenian text to speach

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրիում ազդարարվեց մեծանուն հայ գրող, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառումներն անցկացվում են  ինչպես Վարպետի հուշատուն-թանգարանում, այնպես էլ քաղաքի տարբեր մշակութային օջախներում։

 

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Գյումրու՝ Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ամփոփվել է միջազգային գիտաժողովը. ներկայացվել են գիտական զեկույցներ, տեղի են ունեցել գրական քննարկումներ, թատերական ընթերցումներ: Միջոցառումներին լայն մասնակցություն են ցուցաբերել հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, արվեստի եւ մշակութային կազմակերպությունները, թանգարաններն ու գրադարանները։ Թանգարանում միջոցառումների գլխավոր ակորդն  Ավետիք Իսահակյանի հոլոգրաֆիկ կերպարի ներկայացումն է՝ պատմական Անի քաղաք վիրտուալ այցելությամբ. համադրելով պատմությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ այցելուն այսուհետեւ հնարավորություն ունի շնորհիվ վիրտուալ իրականության եւ հոլոգրաֆիկ ցուցադրությունների Ավետիք Իսահակյանի հետ տեղափոխվել պատմական Անի քաղաք, շրջել նրա փողոցներով, տեսնել հնագույն տաճարները եւ զգալ միջնադարյան Հայաստանի շունչը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջայց են կատարել թանգարանում, հետեւել գիտաժողովի ընթացքին: «Խոսելով մեր մեծերի կարեւոր գաղափարների եւ ուղերձների մասին՝ գիտաժողովը հնարավորություն է տալիս վերլուծել, քննարկել, համադրել եւ տեսնել նաեւ առնչություններ մեր օրերի հետ: Ուրախ եմ, որ թանգարանները նաեւ դառնում են կենդանի խոսքի, շփման եւ երկխոսության միջավայրեր»,-նշել է նախարարը։

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն անմասն չէր միջոցառումներից. նվագախումբը ներկայացրեց «Իսահակյանը՝ երգերի մեջ» համերգային ծրագիրը՝ Վարպետի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերով։

Հիշեցնենք, որ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանա- կան միջազգային գիտաժողովները մեկնարկել էին հոկտեմբերի 22-ից՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում կայացած անդրանիկ գիտաժողովից։ Դրան հաջորդեցին հոկտեմբերի 23-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացած գիտաժողովը,  հոկտեմբերի 24-ին՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ Երեւանում կայացած գիտաժողովը, իսկ հոկտեմբերի 25-ին կայացավ ամփոփիչ նիստը Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում: Գիտաժողովի արդյունքներով կտպագրվի գիտաժողովի նյութերի ժողովածու։

Իսահակյանական քառօրյա գիտաժողովների անցկացումը հերթական նշանակալից քայլն էր՝ միտված ոչ միայն մեծանուն գրողի գիտական ժառանգության նոր բացահայտումներին, այլեւ նրա բարձրարժեք ստեղծագործությունների ավելի լայն ճանաչմանը։

Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 30-ին՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը, Թատերական հրապարակում՝ Վարպետի արձանի մոտ, կկայանա ծաղիկների խոնարհման արարողություն։ Օրվա ընթացքում տեղի կունենան տարբեր տոնական միջոցառումներ. «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում կբացվի հատուկ ցուցադրություն՝ «Իսահակյանը արվեստի մեջ» խորագրով, իսկ Տիկնիկային թատրոնում կներկայացվի «Քաղաքի խելոքները» ներկայացումը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս