Armlur.am-ը հերթական բաց նամակն է ստացել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:
«Տևական ժամանակ է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում չեն դադարում տեղի ունեցող և շարունակական բնույթ կրող ապօրինի ու կամայական գործողությունները։ Չնայած այն հանգամանքին, որ մենք բազմիցս բարձրաձայնել ենք ստեղծված իրավիճակի մասին՝ դիմելով տարբեր ատյանների և հանդես գալով լրատվամիջոցներով, համալսարանում շարունակվում են անհանդուրժելի և անօրինական գործողությունները։
Աշխատակիցների նկատմամբ իրականացվում են հալածանքներ, ծառայողական ճնշումներ, անօրինական և անհիմն ազատումներ։ Միաժամանակ ընդունվում են կեղծ վարչական որոշումներ, որոնց նպատակն է արդարացնել ակնհայտ չարաշահումները և վերացնել համալսարանում առկա խնդիրների վերաբերյալ քննադատական ձայները։
Մենք՝ հալածանքի ենթարկված, անարդարացիորեն աշխատանքից ազատված և ծառայողական հետապնդման ենթարկված անձինք, բազմիցս դիմել ենք պետական և վերահսկող մարմիններին՝ ակնկալելով արդար և օբյեկտիվ քննություն։ Սակայն մեր բողոքները մինչ օրս մնում են անպատասխան կամ անարդյունք, մինչդեռ համալսարանում անօրինականությունները շարունակվում են՝ խաթարելով ոչ միայն աշխատակիցների իրավունքները, այլև բարձրագույն կրթության հաստատության հեղինակությունը։
Այսօր կարող ենք նշել խորապես նշանակալի ձեռքբերում․ մեր երկարատև և հետևողական պայքարը տվել է իր առաջին տեսանելի արդյունքները։ Մեր դիմումին պաշտոնական արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայությունը, որը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում իրականացրած համապարփակ ստուգումների արդյունքում արձանագրել է կառավարչական, ֆինանսական և իրավական բնույթի, ինչպես նաև կրթական գործընթացի կազմակերպման ու իրականացման ոլորտներում առկա խախտումներ։ Բացի այդ, արձանագրվել են նաև հարկային օրենսդրության դրույթների խախտումներ, ինչը վկայում է համակարգային բնույթի խնդիրների մասին։
Պետական վերահսկողական ծառայությունը, ամփոփելով ստուգումների արդյունքները, մեզ է փոխանցել իր պաշտոնական պատասխանը, որով փաստացի հաստատվում են մեր կողմից բազմիցս բարձրաձայնված մտահոգությունները և մատնանշվում համալսարանում երկար ժամանակ անտեսված լրջագույն խախտումները։
Մենք շնորհակալություն ենք հայտնում Պետական վերահսկողական ծառայությանը՝ արդարության վերականգնման ուղղությամբ ձեռնարկած հետևողական քայլերի, ինչպես նաև մեր դիմումին տրված արձագանքի և իրականացրած աշխատանքների համար։ Սա կարևոր նախադեպ է՝ իրավունքի և օրինականության հաստատման ճանապարհին։
Սակայն, այս ամենի ֆոնին, հիմնական հարցը մնում է բաց․
➢ արդյո՞ք պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր տևական ժամանակ շարունակ իրենց պաշտոնը ծառայեցրել են անձնական հաշվեհարդարի, չարաշահումների և համալսարանը ներսից քայքայելու գործիքին,
➢ արդյո՞ք արդարությունը կվերականգնվի:
Այսօր ուղղում ենք հրապարակային հարց ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին․
• Արդյո՞ք պատժվելու են մեղավորները։
• Արդյո՞ք Դավիթ Գյուրջինյանի գլխավորած այն անձինք, ովքեր ձևավորել են «հանցավոր եռյակը» և իրենց շուրջ համախմբել նորանշանակ «ԽԾԲ» կազմ, վերջապես կկրեն իրենց գործողությունների իրավական հետևանքները։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը պետական կրթական հաստատություն է, ոչ թե մասնավոր բիզնես կամ խմբային շահերի սպասարկման հարթակ։ Այն պատկանում է ժողովրդին և ծառայում է կրթությանը, գիտությանը և հանրային բարիքին։
Ժամանակն է, որ օրենքը գործի բոլորի նկատմամբ՝ առանց բացառության։
Արդարությունը չի կարող լինել ընտրովի կամ պայմանական․ այն կամ կա, կամ չկա։ Եվ մենք՝ համալսարանի արդարության համար պայքարող աշխատակիցներս, չենք դադարի պահանջել դրա լիարժեք վերականգնումը»։
Սոնա Գրիգորյան





























