Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 28-ի երեկոյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին փորձել են հարվածել Մոսկվային։ Նրանց պնդմամբ՝ երեք ԱԹՍ խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ արտակարգ ծառայությունները աշխատում են այն վայրերում, որտեղ ընկել են խոցված սարքերի բեկորները։
ՌԴ պետական քարոզչական գործակալություն «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդել է, որ Դոմոդեդովոյի և Ժուկովսկու օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները։ Ավելի ուշ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Ռոսավիացիա) տեղեկացրել է, որ Դոմոդեդովոն վերսկսել է աշխատանքը, մինչդեռ Ժուկովսկին շարունակում է փակ մնալ։
Սա արդեն երրորդ գիշերն է անընդմեջ, երբ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածներ է հասցնում Մոսկվային։ Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանը պնդել էր, թե նախորդ հարձակման ընթացքում խոցել է 193 անօդաչու սարք։ Բարձր ձայներ ու պայթյուններ էին լսվել Մոսկվայի հարավում գտնվող Սերպուխով քաղաքում, ինչպես նաև Ռամենսկոյե և Բրոննիցի արվարձաններում։






























