Armenian text to speach

ՈւՂԻՂ. Ի՞նչ է սպասվում այսօր Հովիկ Աբրահամյանի դատական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԱԺ նախկին նախագահ Հավոիկ Աբրահամյանի գործով դատական հերթական նիստը։ Իսկ ինչի՞ համար է մեղադրվում Հովիկ Աբրահամյանը։

Հովիկ Արգամի Աբրահամյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 1991-1995 թվականների ընթացքում հանդիսացել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, 1995-2001 թվականների ընթացքում զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավորի, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահի, Արտաշատի քաղաքապետի, ՀՀ Արարատի մարզպետի, ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնները, ՀՀ նախագահի՝ 2001 թվականի հունվարի 1-ի թիվ ՆՀ-773 հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, իսկ ՀՀ նախագահի՝ 2002 թվականի հունվարի 31-ի թիվ ՆՀ-1038 հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: ՀՀ վարչապետի՝ 2000 թվականի ապրիլի 25-ի N 218 որոշմամբ հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը, որի 13-րդ կետի «գ)» ենթակետի համաձայն՝ նախարարը պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար: Նույն որոշմամբ սահմանվել են նաև նախարարության խնդիրներն ու գործառույթները:

Ի թիվս այլնի, դրանք են՝ մարզային և համայնքային զարգացման ծրագրերի համաձայնեցումը, համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների և այլ տրանսֆերտների տրամադրման մեխանիզմների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառի զարգացման հիմնադրույթների, ապակենտրոնացմանն ու ապակոնցենտրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, համայնքային ենթակառուցվածքների (հասարակական ծառայությունների) ձևավորման համապատասխան նորմատիվ բազայի մշակումը, համապատասխան նախարարությունների հետ բարեփոխումների հիմնադրույթների հստակեցման աշխատանքների համակարգումը և իրականացումը, պետական և համայնքային սեփականության տարանջատման գործընթացի կազմակերպումը: Նույն որոշման համաձայն՝ նախարարն, ի թիվս այլնի, ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով ունեցել է ՀՀ մարզպետներին ցուցումներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, ինչպես նաև մարզպետների, նրանց տեղակալների թեկնածությունների, քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնելու լիազորություններ: Բացի այդ, 1996 թվականի հունիսի 30-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է մարզպետների և համայնքի ղեկավարների փոխհարաբերությունների հետ կապված հարցերը, այդ թվում՝ սահմանելով, որ մարզպետն իրավունք ունի համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել կառավարություն` կցելով իր կարծիքը:

Պետական վերը թվարկված պաշտոններում պաշտոնավարելիս Հովիկ Աբրահամյանը «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, ինչպես անձամբ, այնպես էլ իր վստահված անձանց, այդ թվում՝ Հենրիկ Աբրահամյանի միջոցով մասնակցել է «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերության կառավարմանը՝ մինչև իր պաշտոնավարումների դադարեցումը՝ 2016 թվականի սեպտեմբերի 8-ը, հովանավորելով կազմակերպությանը, ինչը, ի թիվս այլնի, դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ տեղական ինքնակառավարման մարմիններից շուկայականից էապես էժան գներով կեղծ աճուրդներով անշարժ գույք ձեռք բերելով և նշված առևտրային կազմակերպությանը տրամադրելով: Այսպես, դեռևս 1997 թվականից Հովիկ Աբրահամյանը և Սարգիս Հովակիմյանը վերջինի անվամբ վարձակալել են Արարատի մարզի Նարեկ համայնքում գտնվող ընդհանուր՝ 120 հա մակերես ունեցող հողատարածք, որտեղ մինչև 2000 թվականը համատեղ իրականացրել են գյուղատնտեսական գործունեություն: Ընդ որում, գործունեությունը ֆինանսավորել է Հովիկ Աբրահամյանը, իսկ Սարգիս Հովակիմյանը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմամբ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում պաշտոնավարելիս՝ 2001 թվականի ընթացքում, Հովիկ Աբրահամյանը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նպատակադրվել է առանց խոչընդոտների, շուկայականից էժան գներով անշարժ գույքեր ձեռք բերել, միևնույն ժամանակ այդ գործարքներին իր մասնակցությունը քողարկելու համար, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում իր ունեցած լիազորություններն ու դրանից բխող հեղինակությունն օգտագործելով, Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավար Խաչատուր Սուսունյանին կարգադրել է տվյալ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն վարձակալությամբ Սարգիս Հովակիմյանին տրված 03-063-135-001 կադաստրային ծածկագրով 90 հա և 30 հա մակերեսներով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր` 26.520.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող վարելահողն ու արոտավայրը շուկայականից զգալի էժան գներով վաճառել իր մասնակցությամբ կառավարվող «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերությանը: Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի պահանջի՝ Նարեկ համայնքի ղեկավար Խաչատուր Սուսունյանը հողամասն աճուրդով վաճառելու մասին որոշում է կայացրել՝ 90 հա վարելահողի համար մեկնարկային գին սահմանելով 117.000 ՀՀ դրամը, իսկ 30 հա արոտավայրի համար՝ 20.250 ՀՀ դրամը:

Այնուհետև, Խաչատուր Սուսունյանը, փաստացի աճուրդ չանցկացնելու պայմաններում, 2001 թվականի հոկտեմբերի 30-ին կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 14 և «Հողամասերի աճուրդով վաճառքի արդյունքների» մասին թիվ 2 արձանագրությունները, որոնցից թիվ 14 արձանագրությունում կեղծ տեղեկություն է մտցրել այն մասին, որ աճուրդային հանձնաժողովի նախագահը հանդիսացել է համայնքի ղեկավարի տեղակալ Պերճ Գևորգյանը, անդամները՝ կինը՝ նույն համայնքի գյուղատնտես Քաղցրիկ Այվազյանը, և համայնքի բնակիչներ Արտուշ Գալստյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գագիկ Փայլիկյանը, իսկ թիվ 2 արձանագրությունում ակնհայտ կեղծ տեղեկություն է մտցրել այն մասին, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած աճուրդի ընթացքում հայտ է ներկայացրել և հաղթող է ճանաչվել «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերության տնօրեն Ռուստամ Պողոսյանը՝ 90 հա վարելահողի և 30 հա արոտավայրի համար առաջարկելով ընդհանուր՝ 11.694.475 ՀՀ դրամ: 2001 թվականի դեկտեմբերի 12-ին Խաչատուր Սուսունյանը կազմել է 90 հա վարելահողը և 30 հա արոտավայրը «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերությանը վաճառելու մասին ակնհայտ կեղծ որոշում, որի հիման վրա որպես Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավար 2001 թվականի նոյեմբերի 13-ին «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերության՝ ի դեմս տնօրեն Ռուստամ Պողոսյանի, հետ կնքել է վարելահողի և արոտավայրի առուվաճառքի մասին պայմանագիր՝ իբր իրականում անշարժ գույքերն աճուրդով՝ 11.694.475 ՀՀ դրամով, գնել է «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերությունը:

Արդյունքում փաստացի աճուրդ չանցկացնելու պայմաններում և վերը նշված ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է այդ հողերի նկատմամբ «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը։ Հովիկ Աբրահամյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում համայնքի և հասարակության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, մասնավորապես՝ խաթարվել է գույքի տնօրինմանը և օտարմանն ուղղված տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, հասարակության անդամները զրկվել են իրական աճուրդի պայմաններում տվյալ գույքը գնելու հնարավորությունից, Սարգիս Հովակիմյանի վարձակալության իրավունքն ապօրինի դադարեցվել է, ավելին՝ առանձնապես խոշոր չափերով՝ 26.520.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել համայնքի գույքային ֆոնդից:

 

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս