Սիրիացի զինվորները Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում կշարունակեն օգտագործել թուրքական զորանոցները և կհաճախեն Թուրքիայի ռազմական ակադեմիաներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակին:
Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսին երկու հարևան երկրները ստորագրել են ռազմական մարզումների և խորհրդատվության վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի Անկարան պարտավորվում է Դամասկոսին տրամադրել զենքի համակարգեր և լոգիստիկ գործիքներ, ինչպես նաև մարզել սիրիական բանակին նման սարքավորումների օգտագործման և այլ ոլորտներում:
Ըստ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության խոսնակի՝ համաձայնագրի շրջանակում շարունակվում են Սիրիայի ռազմական կարողությունների բարձրացմանն ուղղված ջանքերը, ներառյալ մարզումները, երկկողմ այցելությունները, խորհրդատվությունը և տեխնիկական աջակցությունը:
«Սիրիական բանակի որոշակի ստորաբաժանումներ մեր երկրում սկսել են ռազմական մարզումները՝ օգտագործելով Թուրքիայի զինված ուժերին պատկանող զորանոցներն ու վարժական հրապարակները», – հայտարարել են նախարարությունում։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական ակադեմիաները՝ նախատեսված ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի համար, համագործակցության համաձայնագրի շրջանակում հոկտեմբերի 31-ից կսկսեն 49 ուսանողների ուսուցումը։






























