Դեռեւս օգոստոսին 5-ին դատական հայց է ներկայացվել «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ:
Դատական հայցերը ներկայացրել են իշխանության ներկայացուցիչները, ովքեր պահանջում են հերքում՝ իրենց մասին անձնական տեղեկություններ հրապարակելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսին «Իմնեմնիմի» փոդքաստի շրջանակում, ուղիղ եթերում Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով փոդքաստի ընթացքում ՔՊ-ական պաշտոնյաների մասին անձնական տեղեկություններ էին հրապարակել, որը, ըստ ներկայացված հայցերի, զրպարտություն է: Պաշտոնյաները պահանջում են հերքում եւ փոխհատուցում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վազգեն Սաղաթելյանին դատի են տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա ընտանիքի բարեկամուհի Աննա Աբրահամյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաեւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատարանում հայցադիմումներն արդեն ընդունվել են վարույթ: Տեղեկացանք, որ Վազգեն Սաղաթելյանի դեմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայցով դատական նիստը նշանակված է նոյեմբերի 14-ին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դատական հայցն ընդդեմ Սաղաթելյանի մեկ անգամ արդեն կայացել է, ու առաջիկայում կնշանակվի նոր նիստի օր:
Աննա Աբրահամյանի հայցի քննությունը կսկսվի 2026 թվականի հունվարի 15-ին:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցերին, ապա դրանք վարույթ են ընդունվել ու առաջիկայում նիստերի օրեր կնշանակվեն:
Հավելենք, որ ՍԱՏՄ ղեկավարը Սաղաթելյանից պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Պետրոսյանը պահանջել է նաեւ Սաղաթելյանին պարտավորեցնել, որ նույն լրատվամիջոցով կամ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլով իրենից հրապարակային ներողություն խնդրի: Նշենք, որ Ար. Մանավազյանն էլ պահանջել է 1 մլն դրամ եւ հերքում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ























