ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով:
Որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել էր, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք էր դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրավորներ։
Մ.Ա.-ն Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք էր դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թեւից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ. Ա.-ին զեկուցել էր պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի եւ Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» եւ «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը եւ առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետեւ շրջանցել են Շուշի – Քարինտակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին եւ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը եւ մատույցները:
2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում էր կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։
Միքայել Արզումանյանը կալանավորված էր արդեն երեք տարի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































