Ամերիկացի երգչուհին եւ Կանադայի նախկին վարչապետը միասին նշել են Փերիի 41-ամյակը՝ չթաքցնելով իրենց հարաբերությունները:
Անցյալ ամառ երգչուհի Քեթի Փերին բաժանվեց դերասան Օռլանդո Բլումից, սակայն միայնակ չմնաց երկար ժամանակ։ Այս ամսվա սկզբին սկսեցին շրջանառվել լուրեր նրա եւ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջեւ ձեւավորված սիրավեպի մասին։
Առաջին անգամ պապարացիները նրանց լուսանկարել էին ռեստորանում՝ մտերմիկ զրույցի ընթացքում։ Շատերը սկզբում չէին հավատում, որ քաղաքական եւ երաժշտական աշխարհի ներկայացուցիչների միջեւ կարող են զգացմունքներ ծագել, ու ենթադրում էին, թե նրանց հանդիպումները զուտ գործնական բնույթ ունեն։
Սակայն հոկտեմբերի սկզբին Սանտա Բարբարայի ափերին հանգստացող մի խումբ զբոսաշրջիկներ ակամա ականատես են դարձել Փերիի եւ Թրյուդոյի ջերմ գրկախառնություններին։ Նրանց նկատել էին 24 մետրանոց զբոսանավի վրա՝ գրկախառնված ու սիրալիր զրուցելիս։
Կարծես թե Քեթի Փերին եւ Ջասթինը այլեւս չեն փորձում թաքցնել իրենց հարաբերությունները հանրության աչքից։
TMZ-ի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի Քեթի Փերին եւ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն վերջապես հաստատել են իրենց սիրավեպի մասին լուրերը, երբ միասին գտնվել են Փարիզում։
Շաբաթ երեկոյան զույգին նկատել են աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում՝ երգչուհու 41-ամյակի տոնակատարության ժամանակ։ Փերին հիացմունք է առաջացրել բարակ ժապավեններով կարմիր զգեստով, իսկ Թրյուդոն ընտրել էր դասական կոստյում՝ պահպանելով իր ավանդական էլեգանտությունը։
Աստղերը երջանիկ ու ներդաշնակ տեսք ունեին։ Ելույթից հետո նրանք ձեռք ձեռքի տված դուրս են եկել լրագրողներին ընդառաջ եւ միասին նստել են մեքենան ու հեռացել։
Քեթի Փերին եւ Ջասթին Թրյուդոն, կարծես, պատրաստ են իրենց հարաբերությունները դուրս բերել փակ տարածքներից՝ փոխադարձ համակրանքը չթաքցնելով հանրությունից։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































