«Ժողովուրդ»-ի հարցերը հաղորդաշարի շրջանակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ զրուցել ենք քաղաքականության, ՀՅԴ-ի ներկա կարգավիճակի եւ այլ հարցերի մասին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «ԱրմԼուր.ԷյԷմ» կայքում:
-Պարո՛ն Սաղաթելյան, ՀՅԴ-ն իր պատմության ընթացքում երբեւէ այսքան թույլ եղե՞լ է։ Սկսենք հենց ակունքներից։
-Դուք կարծում եք, որ «Դաշնակցությունը» թու՞յլ է այսօր։
-Հասարակության ընկալմամբ՝ այս պահին ՀՅԴ-ն թույլ դիրքեր ունի քաղաքական դաշտում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։
-Ես այդպես չեմ կարծում։ «Դաշնակցությունը» այսօր ամենամեծ ընդդիմադիր միավորներից է։ Անցած յոթ տարիների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում կարեւոր դերակատարություն ունեցող քաղաքական կազմակերպություն է ՀՅԴ-ն, եւ այս չարաբաստիկ իշխանության դեմ պայքարող առանցքային ուժերից մեկը։ Բնականաբար, այդ ճանապարհին թիրախավորվել ենք, եւ մեր նկատմամբ տեղեկատվական ահաբեկչություն է իրականացվել՝ փորձելով վարկաբեկել մեր կենսագրությունը, կեղծել պատմությունը եւ այլն։ Բայց ես չեմ գնահատում, որ «Դաշնակցությունը» գտնվում է թույլ վիճակում։ Ընդհակառակը՝ այսօր այն բացառիկ քաղաքական ուժ է, որն ունի տարածքային կառույցներ ամբողջ Հայաստանի տարածքում։
Այսքան հալածանքների միջով անցել ենք, բայց որեւէ կորուստ չենք ունեցել։ Տարբեր շարժումների գործերով մի քանի հարյուր դաշնակցականներ են հարցաքննվել, տասնյակները՝ բանտարկվել։ Սակայն չունենք ոչ մի դեպք, երբ, լինի երիտասարդ կին, թե հեռավոր գյուղի մի ընկեր, իշխանությունների ճնշման տակ այլ ցուցմունք տված լինի։ Այդ ճնշումները չեն ազդել մեր բնականոն գործունեության վրա։ «Դաշնակցությունը» այսօր մարտական կարգավիճակում է։
-Պարո՛ն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքը հայտարարում էր, կփակի՞ «Դաշնակցությունը»։ Գործող իշխանության կողմից անընդհատ հնչում են այդպիսի խոսքեր, թե «Դաշնակցությունը» խանգարում է, թե իրենք խաղաղություն են ուզում, բերել են այլ գաղափարախոսություն իսկ ՀՅԴ-ն դեմ է։ Միեւնույն ժամանակ «Դաշնակցությունը» մշտապես ենթարկվում է քննադատության, հիշատակվում է անգամ առաջին նախագահի ժամանակաշրջանը։ Ի վերջո, ի՞նչ է իրականում կատարվում։ Կհաջողվի՞ Փաշինյանին հասնել «Դաշնակցության» փակմանը։
-Այն, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է «Դաշնակցության» գործունեությունը սահմանափակելու համար՝ մեզ համար նորություն չէ։ Այն, ինչ արվում է այսօր, եւս նոր չէ։ Ես հաճախ եմ զարմանում այն մարդկանց վրա, որոնք զարմացած արձագանքում են՝ «տեսնո՞ւմ եք՝ ինչ է անում»։ Մեր հինգ տարի առաջվա հայտարարությունները հենց սա էին ասում։
Փաշինյանի նկարագիրը, նրա վարած թուրքական քաղաքականությունը վաղուց են բացահայտված։ Նրա թիկունքում կանգնած են Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ նրանց թշնամիներն են ազգային ուժերը՝ ազգային արժեքներ եւ գաղափարախոսություն կրող կազմակերպությունները։ Այդ պատճառով էլ «Դաշնակցությունը» նրանց գլխավոր թիրախներից է։ Բացի դրանից՝ կա խորքային գաղափարական հակասություն, ինչը հենց թելադրում է այս հակադրությունը։
Դա է պատճառը, որ խորհրդարանում ելույթ ունեցող 30 պատգամավորներից 28-ի խոսքը «նվիրված» է «Դաշնակցության» անցյալին։
Հետեւաբար, Փաշինյանը ինչ կարողանա՝ անելու է ՀՅԴ-ի գործունեությունը խոչընդոտելու համար։ Նրա այս վախը գալիս է «Դաշնակցության» գաղափարայնությունից։ «Դաշնակցությունը» իր երկար կենսագրության ընթացքում շատ ծանր տարիներ եւ իրավիճակներ է հաղթահարել՝ պայքարը շարունակելով նաեւ Հայաստանի անկախության շրջանում։ Դրա համար էլ Փաշինյանը վախենում է «Դաշնակցությունից» եւ ճիշտ է անում։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ























