Armenian text to speach

«ՀԱՆՑԱՎՈՐ ԵՌՅԱԿԻ» ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը հերթական բաց նամակն է ստացել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:

 

«Տեւական ժամանակ է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում չեն դադարում տեղի ունեցող եւ շարունակական բնույթ կրող ապօրինի ու կամայական գործողությունները։ Չնայած այն հանգամանքին, որ մենք բազմիցս բարձրաձայնել ենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ դիմելով տարբեր ատյաններ եւ հանդես գալով լրատվամիջոցներով, համալսարանում շարունակվում են անհանդուրժելի եւ անօրինական գործողությունները։

Աշխատակիցների նկատմամբ իրականացվում են հալածանքներ, ծառայողական ճնշումներ, անօրինական եւ անհիմն ազատումներ։ Միաժամանակ ընդունվում են կեղծ վարչական որոշումներ, որոնց նպատակն է արդարացնել ակնհայտ չարաշահումները եւ վերացնել համալսարանում առկա խնդիրների վերաբերյալ քննադատական ձայները։

Մենք՝ հալածանքի ենթարկված, անարդարացիորեն աշխատանքից ազատված եւ ծառայողական հետապնդման ենթարկված անձինքս, բազմիցս դիմել ենք պետական եւ վերահսկող մարմիններին՝ ակնկալելով արդար եւ օբյեկտիվ քննություն։ Սակայն մեր բողոքները մինչ օրս մնում են անպատասխան կամ անարդյունք, մինչդեռ համալսարանում անօրենությունները շարունակվում են՝ խաթարելով ոչ միայն աշխատակիցների իրավունքները, այլեւ բարձրագույն կրթության հաստատության հեղինակությունը։

Այսօր կարող ենք նշել խորապես նշանակալի ձեռքբերում. մեր երկարատեւ եւ հետեւողական պայքարը տվել է իր առաջին տեսանելի արդյունքները։ Մեր դիմումին պաշտոնական արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության Պետական վերահսկողական ծառայությունը, որը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում իրականացրած համապարփակ ստուգումների արդյունքում արձանագրել է կառավարչական, ֆինանսական եւ իրավական բնույթի, ինչպես նաեւ կրթական գործընթացի կազմակերպման ու իրականացման ոլորտներում առկա խախտումներ։ Բացի դրանից, արձանագրվել են նաեւ հարկային օրենսդրության դրույթների խախտումներ, ինչը վկայում է համակարգային բնույթի խնդիրների մասին։

Պետական վերահսկողական ծառայությունը, ամփոփելով ստուգումների արդյունքները, մեզ է փոխանցել իր պաշտոնական պատասխանը, որով փաստացի հաստատվում են մեր կողմից բազմիցս բարձրաձայնված մտահոգությունները եւ մատնանշվում համալսարանում երկար ժամանակ անտեսված լրջագույն խախտումները։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Պետական վերահսկողական ծառայությանը՝ արդարության վերականգնման ուղղությամբ ձեռնարկած հետեւողական քայլերի, ինչպես նաեւ մեր դիմումին տրված արձագանքի եւ իրականացրած աշխատանքների համար։ Սա կարեւոր նախադեպ է՝ իրավունքի եւ օրինականության հաստատման ճանապարհին։

Սակայն, այս ամենի ֆոնին, հիմնական հարցը մնում է բաց.

. արդյոք պատասխանատվության կենթարկվե՞ն նրանք, ովքեր տեւական ժամանակ, շարունակ իրենց պաշտոնը ծառայեցրել են անձնական հաշվեհարդարի, չարաշահումների եւ համալսարանը ներսից քայքայելու գործին,

. արդյոք արդարությունը կվերականգնվի՞:

Այսօր ուղղում ենք հրապարակային հարց ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին.

. Արդյոք պատժվելո՞ւ են մեղավորները։

. Արդյոք Դավիթ Գյուրջինյանի գլխավորած այն անձինք, ովքեր ձեւավորել են «հանցավոր եռյակը» եւ իրենց շուրջ համախմբել նորանշանակ ԽԾԲ կազմ, վերջապես կկրե՞ն իրենց գործողությունների իրավական հետեւանքները։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը պետական կրթական հաստատություն է, ոչ թե մասնավոր բիզնես կամ խմբային շահերի սպասարկման հարթակ։ Այն պատկանում է ժողովրդին եւ ծառայում է կրթությանը, գիտությանը եւ հանրային բարիքին։

Ժամանակն է, որ օրենքը գործի բոլորի նկատմամբ՝ առանց բացառության։

Արդարությունը չի կարող լինել ընտրովի կամ պայմանական. այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Եվ մենք՝ համալսարանի արդարության համար պայքարող աշխատակիցներս, չենք դադարի պահանջել դրա լիարժեք վերականգնումը»։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 




Լրահոս