Armenian text to speach

ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ ՎԵՆԴԵՏԱՅԻ ՎՏԱ՞ՆԳ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ՝ պարզելու համար մանրամասներ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանին բանտում բռնության ենթարկելու վերաբերյալ։

 

-Տիկի՛ն Գալյան, անգամ քրեակատարողական հիմնարկներում են, փաստորեն, վենդետաներ իրականացվում։ Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանը բռնության է ենթարկվել։ Չնայած այն հանգամանքին, որ Նարեկ Օհանյանը պնդում է, թե նման բան չի եղել, այնուամենայնիվ նրա լռությունը կարող է պայմանավորված լինել ՔԿՀ-ում գտնվելով, եւ ըստ էության նա անընդհատ անհանգստանում է իր կյանքի, անվտանգության համար, քանի որ դեռեւս կալանավայրում է գտնվում։ Ի՞նչ կասեք կատարվածի առնչութամբ:

-Օպերատիվ աշխատանքի արդյունքում մենք, որպես կանոն (չեմ ուզում ուղղակի կատեգորիկ նշել՝ մշտապես), կարողանում ենք կանխել նման վտանգներ։ Սակայն, ցավոք, նման դեպքեր երբեմն լինում են։ Այն, ինչ տեղի է ունեցել (բռնության ենթարկելու գործընթացը – խմբ.), եղել է անհետեւանք. դա կարող եմ ասել։

Ցանկացած դեպքում օպերատիվ աշխատանքը պետք է տարվի այնպես, որ նմանատիպ ցանկացած միջամտություն  բացառվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Նուբարաշենի բանտում բռնության է ենթարկվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Օհանյանին, որը պահվում էր մենախցում, կամ ինչպես հայտնի է՝ «կարանտինում», տարել են ընդհանուր խուց եւ բռնության են ենթարկել։ Արդյունքում քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տեղափոխել է մենախուց։

«Ժողովուրդ»-ը դիմեց քրեակատարողական ծառայություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։

Այսպիսով՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ մեզ հայտնի չեն, իսկ արդարադատության նախարարը սահմանափակվեց միայն կրավորական ձեւակերպմամբ՝ նշելով, որ «նման բաներ չպետք է տեղի ունենան»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս