1981 թվականին Արցախի Հադրութ քաղաքում ծնված, չորսամյա կրթություն ստացած, ամուսնացած, աշխատանք չունեցող Վիգեն Սարգսյանը, ով ապրում է Բերդ համայնքի Տավուշ գյուղում, մարզային առաջին ատյանի դատարանի՝ 2024թ. նոյեմբերի 21-ի վճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որը կատարվել է մերձավոր ազգականի նկատմամբ») դատապարտվել է հանրային աշխատանքների՝ 80 ժամ տեւողությամբ։ Դատվածությունը դեռ ընթացքի մեջ՝ Վիգեն Սարգսյանը նոր հանցագործություն է կատարել։
Վ. Սարգսյանը 2024թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Տավուշում՝ մարտական դիրքերի միջդիրքային տարածքում, փորձել է ապօրինի հատել հայ-ադրբեջանական պետական սահմանը, սակայն հայտնաբերվել է տվյալ զորամասի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կողմից, քաղաքացիական անձանց համար արգելված տարածքում։
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նախնական դատալսումների փուլում Վ. Սարգսյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։
2025թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սամվել Մարդանյանը Վ. Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 1 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվարկվել է Վ. Սարգսյանի փաստացի անազատության ընթացքում անցկացրած 1 ամիս 17 օրը եւ սահմանվել պատիժ՝ ազատազրկում 10 ամիս 13 օր ժամկետով։
Պատժին գումարվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2024թ. նոյեմբերի 21-ի դատավճռով նշանակված 80 ժամ հանրային աշխատանքը, որը հավասար է 10 օր ազատազրկման։ Արդյունքում Վ. Սարգսյանի նկատմամբ սահմանվել է վերջնական պատիժ՝ ազատազրկում 10 ամիս 23 օր, որը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։
Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Աղասարյանը վերաքննիչ դատարանին բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել 2025թ. փետրվարի 17-ի դատավճիռը եւ Վ. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար որպես պատիժ նշանակել ազատազրկումը 1 տարի ժամկետով՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման։
Սույն վարույթով քրեական վերաքննիչ դատարանում նիստեր են կայանում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ























