Armenian text to speach

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ». ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի նպատակն է կատարելագործել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայով զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ։

-Պարո՛ն Ղահրամանյան, Ազգային ժողովը հաստատեց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարզեցման օրինագիծը, որը ներառում էր փոփոխություններ հարկային օրենսգրքում։ Շատերը նշեցին, որ ՔՊ-ն հետ է կանգնել այն սկզբունքից, թե բոլորը պետք է հայտարարագիր լրացնեն։ Այս դեպքում պարզեցրիք նախագիծը, հանեցիք վարչական խախտումների վերաբերյալ տուգանքները, եւ ստացվեց, որ բոլորի փոխարեն հայտարարագիրը փաստացի «լրացնելու» է Պետական եկամուտների կոմիտեն։ Սա չե՞ք համարում սկզբունքային նահանջ։

-Ոչ, այդպես չէ։ Ձեր ասածը, թե մենք հետ ենք կանգնում, եւ ֆիզ. անձինք չեն հայտարարագրելու, իրականությանը չի համապատասխանում։ Ինչ վերաբերում է Պետեկամուտների կոմիտեի մասնակցությանը՝ եթե սահմանված ժամկետում քաղաքացին չի ներկայացնում իր հայտարարագիրը (հիմնականում խոսքը կենսաթոշակառուների մասին է), ապա հայտարարագրման ժամկետի ավարտին համակարգը ավտոմատ կերպով պետության ունեցած բաց տվյալները համարում է տվյալ անձի եկամուտ։ Այսինքն՝ նման դեպքերում այլեւս կարիք չկա համակարգ մուտք գործելու եւ առանձին ձեւով հայտարարագիր լրացնելու։ Սակայն այն քաղաքացիները, այդ թվում՝ թոշակառուները, ովքեր ունեն պետությանը չերեւացող այլ եկամուտներ, պարտավոր են դրանք ինքնուրույն հայտարարագրել։

-Իսկ եթե չեն հայտարարագրո՞ւմ ….

-Ինչպես արդեն նշեցի, դրա հետեւանքները անպայման լինելու են։

-Բայց եթե տուգանքներ չկան, նախատեսված այլ «պատիժներ» չկան, ապա ի՞նչ հետեւանքների մասին է խոսքը։

-Կարծում եմ՝ եթե կա օրենք եւ այն խախտվում է, տուգանքները, մի ձեւով թե մյուսով, ի վերջո լինելու են։ Դա բնական երեւույթ է բոլոր երկրներում եւ բոլոր օրենքների դեպքում։ Համակարգը նոր է ներդրվում, իսկ նման լայնածավալ բարեփոխումները ունեն գործարկման երկար շրջան։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում այս համակարգը ամբողջությամբ ներդրվել է շուրջ 20 տարվա ընթացքում։ Մենք էլ ընթացքի մեջ՝ փորձի ու սխալների միջոցով, կհասկանանք թերությունները եւ կլավարկենք համակարգը։ Վստահ եմ, սա առաջին եւ միակ փոփոխությունը չի լինելու, հետագայում էլ կարվեն լրացումներ ու հստակեցումներ։

-Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ապագայում տուգանքներ կարող են սահմանվել։

-Ոչ, իհարկե չեմ բացառում։ Ընդհանրապես, եթե կա օրենք, եւ այն խախտվում է, հնարավոր է սկզբնական փուլում մեկ կամ մի քանի անգամ ներողամտություն ցուցաբերվի, սակայն եթե խախտումները շարունակական բնույթ կրեն, բնականաբար հետեւանքներ կլինեն։ Ես չեմ ասում, թե այդ հետեւանքները պարտադիր ֆինանսական են լինելու։

-Այդ դեպքում ի՞նչ ձեւով կարող են լինել այդ հետեւանքները։

-Դեռ վաղ է հստակ ասել։ Պետք է ժամանակ անցնի, որպեսզի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները տեսնենք ու հասկանանք, թե ինչն է պետք շտկել։ Սա վերաբերում է ցանկացած խոշոր բարեփոխման, որովհետեւ յուրաքանչյուր հասարակություն եւ օրենսդրություն իր առանձնահատկություններն ունի։ Միայն պրակտիկ ճանապարհով կարելի է բացահայտել համակարգային թերությունները եւ դրանք ուղղել։

Այսպիսով, դեռեւս մոտ ժամանակում եկամուտների հայտարարագրերի համակարգի կայուն աշխատանքն ու ամբողջական գործարկումը կմնան անցումային փուլում։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 




Լրահոս