Շաբաթ օրը` հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրային խորհրդի անդամների հետ այցելել են Կիրանց՝ սահմանազատված հատված եւ նորակառույց դպրոց: Հանրային խորհրդի անդամները 45-ն են:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանի հետ Կիրանց էր գնացել նաեւ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, ում ինչքան փնտրեցինք խորհրդի անդամների ցանկում՝ չգտանք:
Բայց Գյուրջինյանը ակտիվորեն լսում էր Փաշինյանի «դասախոսությունները», անդադար գլխով համաձայնության նշան տալիս Փաշինյանի արտահայտած մտքերին: Կարճ ասած՝ անդադար նրա շուրջն էր պտտվում:
Սա ուշագրավ է այն առումով, որ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանում իսկական բարձիթողի վիճակ է, ու արդեն մի քանի ամիս է Պետական վերահսկողության ծառայությունը փորձում է պարզել, թե ինչպիսի մեխանիզմներ են գործում համալսարանում, ինչ կոռուպցիոն դրսեւորումների մասին է բարձրաձայնում բուհի աշխատակազմը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՊՎԾ-ն ստուգումների արդյունքում արձանագրել է կառավարական, ֆինանսական եւ իրավական բնույթի, ինչպես նաեւ կրթական գործընթացի կազմակերպման ու իրականացման ոլորտներում առկա խախտումներ։ Բացի դրանից, արձանագրվել են նաեւ հարկային օրենսդրության դրույթների խախտումներ, ինչը վկայում է համակարգային բնույթի խնդիրների մասին։
Գյուրջինյանի ղեկավարած կառույցում տիրող խայտառակ իրավիճակի ֆոնին ռեկտորը փորձում է ցույց տալ իր հավատարիմ լինելը Փաշինյանին՝ հաճախակի ներկայանալով վերջինիս նախաձեռնած միջոցառումներին։
Հավելենք, որ հոկտեմբերի 19 -ին համալսարանի աշխատակազմը բաց նամակով էր հանդես եկել եւ հարցեր էր ուղղել Գյուրջինյանին.
. արդյոք պատասխանատվության կենթարկվե՞ն նրանք, ովքեր տեւական ժամանակ, շարունակ իրենց պաշտոնը ծառայեցրել են անձնական հաշվեհարդարի, չարաշահումների եւ համալսարանը ներսից քայքայելու գործին,
. արդյոք արդարությունը կվերականգնվի՞։
Ուղղում ենք նույնաբովանդակ հրապարակային հարցեր ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին.
. Արդյոք պատժվելո՞ւ են մեղավորները։
. Արդյոք Դավիթ Գյուրջինյանի գլխավորած այն անձինք, ովքեր ձեւավորել են «հանցավոր եռյակը» եւ իրենց շուրջ համախմբել նորանշանակ ԽԾԲ կազմ, վերջապես կկրե՞ն իրենց գործողությունների իրավական հետեւանքները։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ























