2026 թվականից Հայաստանում նախատեսվում է սկսել առողջապահության պարտադիր ապահովագրության գործընթացը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ծրագրի համար պետական բյուջեում արդեն հաշվարկված ծախսեր կան։ Նախարարի խոսքով՝ համակարգը կներդրվի երեք փուլով, կմեկնարկի 2026-ին եւ կավարտվի 2028 թվականին։
Թեեւ նախարար Ավանեսյանը վստահ եւ հստակ խոսում է ծրագրի գործարկման մասին, սակայն այն այդպես էլ մնում է միայն թղթի վրա։ Նախագիծը դեռ չի քննարկվել ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ էլ ԱԺ համապատասխան հանձնաժողովներում, եւ որեւէ կառույց պաշտոնական կարծիք չի հայտնել դրա վերաբերյալ։
Նմանատիպ փորձ արվել էր նաեւ նախկինում։ 2024 թվականին նախարար Ավանեսյանը հայտարարել էր, որ նույն տարվա հուլիսից պետք է գործարկվեր ապահովագրական փաթեթ՝ պետական պատվերի շահառուների համար։ Սակայն ծրագիրը այդպես էլ չիրականացավ։ Երկու տարի առաջ նախաձեռնված փաստաթուղթը մնաց առանց ընթացքի, իսկ 2024-ի հոկտեմբերին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փաստացի հերքեց Ավանեսյանի՝ հունվարին տված խոստումը։
«Ժողովուրդ» օրաթերթը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից փորձել է հետաքրքրվել, թե արդյոք այս տարի նախագիծը կֆինանսավորվի, թե ոչ։
-Տիկի՛ն Ավանեսյան, առողջապահության ապահովագրության նախագիծը, որը ներկայացրել էիք, վերջերս փոփոխության ենթարկվեց։ Ձեր ասուլիսի ժամանակ ներկայացված նոր տարբերակը կարծես քննադատությունների տեղիք տվեց։ Մասնավորապես նշվում էր, որ մինչեւ 18 տարեկան երեխաները ընդգրկված են ծրագրում, սակայն նրանք արդեն իսկ անվճար սպասարկվում են պետպատվերի շրջանակում։ Նույնը վերաբերում է նաեւ 65 եւ բարձր տարիք ունեցողներին, որոնք հիմնականում սպասարկվում են առաջնային օղակներում՝ պոլիկլինիկաներում։ Բացի դրանից, նշվում է, որ ֆինանսական առումով ծրագրում զգալի փոփոխություններ չեն արվել։
-Ես, անկեղծ ասած, ապշում եմ նման արձագանքներից, – պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։
-Նախագիծը վերջին շրջանում չի փոփոխվել, այն մշտապես գտնվել է աշխատանքային գործընթացում։ Այսպիսի ծավալուն բարեփոխումը չի կարող առաջին տարբերակով ներկայացվել Ազգային ժողով։ Մեր կառավարությունը երկար ժամանակ աշխատել է հաշվարկների, բովանդակության եւ ձեւաչափի վրա՝ փորձելով հնարավորինս լայն շրջանակ ընդգրկել արդեն առաջին տարում։ Այո՛, վերջերս որոշ ճշգրտումներ արվել են. եթե նախորդ տարբերակով ապահովագրության համակարգը նախատեսված էր 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար, ապա այժմ նվազեցվել է սահմանաչափը, ինչի արդյունքում ավելի մեծ թվով քաղաքացիներ կընդգրկվեն ծրագրում։
Նախարարի խոսքով՝ փաթեթների տարբերությունը մեծ է, եւ ինքը քննադատության չի հանդիպել նախագծի վերաբերյալ: Ավանեսյանը ամփոփեց իր խոսքը՝ նշելով, որ իրենք պատմական որոշում են կայացրել:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























