Դատախազությունն ու Մատենադարանը մեկնարկել են «Արդի իրավունքի միջնադարյան ակունքները. Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:
Միջազգային գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչները եւ այլք:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշել է, որ Մխիթար Գոշին նվիրված այս միջոցառումը չունի իր նախադեպը. «Ի դեմս ՀՀ դատախազության եւ Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի՝ հատվել են հայագիտական-միջնադարագիտական եւ իրավագիտական հետաքրքրություններն ու մասնագիտական նպատակները: Ավելին՝ մեկտեղվել են հայոց միջնադարի ամենանշանավոր մտածողներից մեկի՝ Մխիթար Գոշի գլուխգործոցի՝ «Գիրք Դատաստանի» աշխատության միջազգայնացմանն ուղղված ջանքերը: Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն ստեղծվել է անկախ պետականության վերականգնման ու ինքնիշխանության տեսլականով։ Սա սոսկ իրավական նորմերի ժողովածու չէ, այլ քաղաքակրթական հայտ, որ հստակ գիտակցում էր ինքը՝ Գոշը:
«Դատաստանագրքով» նա նվաճում էր հայոց արժանի տեղը մեծ քաղաքակրթությունների շարքում: Ավելին՝ անկախ պետականության ու ինքնիշխանության հնարավորությունը Գոշը չէր տարանջատում օրենքի գերակայության գաղափարից, մի բան, որ իր հնչեղությունը նույն ուժգնությամբ պահպանում է մինչ օրս: Փայլուն գիտակցելով արտաքին աշխարհի կամ, ինչպես հիմա կասենք, աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունն անկախ պետականության վրա՝ նա պակաս կարեւորություն չէր տալիս ներքին համերաշխությանը, միայն ու միայն սեփական կարողություններին ապավինելու գիտակցությանը:
Մարդկային բնության եւ համակեցության գաղտնիքների խորագիտությունը, համակողմանի իմացությունն ու ինքնակրթության անսպառ մղումը, հավասարակշիռ, սթափ, կրոնադավանաբանական ծայրահեղացումներից զերծ միտքը նրան դարձրել են լայն իմաստով միջազգային արժեք:
Պատահական չէ, որ «Դատաստանագիրքը» թարգմանվել է մի շարք լեզուներով՝ լատիներեն, լեհերեն, ղփչաղերեն, վրացերեն ու ռուսերեն: Եվ պատահական չէ, որ «Դատաստանագիրքը» զարմանալի կենսունակությամբ շարունակում է գրավել մարդկային արժանապատվության, հավասարության եւ արդարության գաղափարների ջահակիր կառույցներին ու անհատներին, որի վավերացումը եղավ այն, որ, Մատենադարանի ներկայացրած հայտով, 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Գոշի «Դատաստանագիրքն» ընդգրկվեց Աշխարհի հիշողության միջազգային շտեմարանում»:
Ողջույնի խոսք է հղել նաեւ Աննա Վարդապետյանը, ինչպես նաեւ տեսաուղերձով իր բացման խոսքն է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության եւ տեղեկատվության գծով գլխավոր տնօրենի օգնական Թավֆիկ Ջելասը:
Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդել է «Գիրք Դատաստանի»-ի վաղագույն օրինակի ցուցադրությունը՝ բերված Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից՝ Միաբանության Մայրավանքի Փոխմեծավոր, Մատենադարանի եւ Թանգարանի տնօրեն Գերապատիվ Հայր Նարեկ վարդապետ Լուիսյանի ուղեկցությամբ: Նշենք, որ ձեռագիրը Մատենադարանում կցուցադրվի մինչեւ նոյեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ Մատենադարանի հայտով՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Գիտաժողովը կազմակերպվեց այս առիթով եւ նպատակ ուներ վեր հանել արդի իրավունքի միջնադարյան արմատները, իրավական մտքի փոխակերպումները՝ միջնադարից մինչեւ մեր օրեր, ներկայացնել Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության՝ «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ վերահրատարակված անգլերեն թարգմանությունը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































