Լուսանկարն արվել է Էրեբունի վարչ. շրջանում
Շները «միահամուռ ուժերով» զով տեղ են գտել` պաշտպանվելու աշնան արեւի վերջին շողերից։
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ի՞նչ տարբերություն կա տաճարի եւ եկեղեցու միջեւ:
Լիանա Համբարձումյան (23 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ եկեղեցին այն հավատացյալ մարդկանց միությունն է, ովքեր մկրտվելով՝ դառնում են Հիսուս Քրիստոսի Մարմնի անդամ եւ դավանելով միեւնույն հավատը, Սուրբ Հոգու շնորհներով եւ զորությամբ՝ ապրում Աստվածային ներկայության մեջ: Տաճարում հավաքվում է եկեղեցին` աղոթելու եւ խորհուրդներ կատարելու համար:
Ըստ առաքյալի խոսքերի՝ «Եվ դուք, իբրեւ կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգեւոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն» (Ա Պետրոս 2:5): Եկեղեցին Աստծո կենդանի տաճարն է եւ յուրաքանչյուր հավատացյալ այդ տաճարի մի քարն է: Տաճարն ունի օծված սեղան, որտեղ մատուցվում է Սուրբ Պատարագ, ուր մարմնավորվում է Հիսուս Քրիստոս:
Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տաճարի հիմնական գաղափարը միշտ եղել է սրբազան ծառայության համար հատուկ առանձնացված վայր ունենալը, իսկ ավելի որոշակի իմաստով, տաճարը բացառապես սրբազան ծեսերին եւ արարողություններին նվիրված կառույց է:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿ
ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք կենսաթոշակը վճարվել լիազորագրով: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է վճարվում չվճարված կենսաթոշակի գումարը:
Ներսես Վարդանյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը վճարվում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում, նաեւ այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակառուն ներակայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:



















































































