ԺԱՅՌԱԲԵԿՈՐԸ ԿՊԱՅԹԵՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ6 միջպետական մայրուղու Ալավերդու ճանապարհահատվածի վրա կախված ժայռաբեկորների անկման մասին բազմիցս ահազանգել են թե՛ բնակիչները, թե՛ «Ժողովուրդ»-ը: Տարիներ առաջ քարաթափման հետեւանքով նաեւ զոհեր են եղել:
Խոշոր չափի քարաբեկորներն այսօր էլ շարունակում են ընկնել: Առավել մեծ չափի մի ժայռաբեկոր էլ տեւական ժամանակ է` ճաքել է եւ ուր որ է կընկնի: Ահազանգն ի վերջո հասավ պատկան մարմիններին: Դեկտեմբերի 7-ին քարաթափման վայրում էին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԱԻՆ ՀՓԾ տնօրեն Ս.Ազարյանը, տրանսպորտի եւ կապի նախարարության Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինության գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը: Մինչ վերջիններս իրավիճակին ծանոթանում էին հեռվից, փրկարարներն ու «Ալնեքս քոնսթրաքշն» ընկերության տնօրենը պարաններով վտանգավոր գագաթից իջան ուղիղ ճաքի մոտ, ուսումնասիրեցին, նկարահանեցին, ու ժամեր անց եզրակացությունը պատրաստ էր. միակ լուծումը պայթեցումն է: «Շատ վտանգավոր է, պայթեցման դեպքում մեծ քարաթափում կարող է լինել: Նկարահանումից հետո կպարզենք` մաս-մա՞ս ենք պայթեցնելու, թե՞ ամբողջությամբ: Այլ մեթոդ հնարավոր չէ կիրառել: Քարաթափման հետեւանքով հնարավոր է` ճանապարհը վնասվի: Պետք է հաշվարկ արվի: Մի քանի օրից պարզ կլինի: Կզեկուցեմ վարչապետին»,-տեղեկացրեց  արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը:
Իսկ Հենրիկ Քոչինյանի գնահատմամբ`  ավելի քան 1 տ կշռող ժայռաբեկորը սահելիս իր հետ կարող է տանել նաեւ այլ քարակտորներ` վնասելով  ոչ միայն ճանապարհը, այլեւ արհեստական պատնեշը. «Քարազանգվածն առաջին հերթին կփակի գետի հունը, ուստի նախ  այն պետք է մաքրել: Վատագույն դեպքում զանգվածը կարող է մի քանի հազար մետր փախչել: Մոտ 1 շաբաթ ճանապարհը փակ կլինի: Ժամանակավոր կգործի Դսեղ-Մարցի խաչմերուկ-Թումանյան ճանապարհը»: Հարցին, թե որքան կարժենան աշխատանքները, Քոչինյանը պատասխանեց. «Ճանապարհի մաքրման աշխատանքները կարժենան մոտավորապես 30-35 մլն, պայթեցման աշխատանքները` 15-25 մլն դրամ: Դա էլ կախված  նրանից, թե ինչ պայթուցիկ նյութ է պետք»:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս