Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթ է հարուցել, ապա նրան ազատել վարչական պատասխանատվությունից և բանավոր դիտողություն է տվել։ Այս մասին գրել էր ArmLur.am-ը։
Պարզ է դարձել, որ հայտարարագրում առերևույթ առկա են սխալ կամ ոչ ամբողջական ներկայացված տվյալներ, մասնավորապես «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրված չեն տվյալներ Երևանում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ, իսկ «Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ» բաժնում հայտարարագրված չեն տվյալ տարվա սկզբի դրությամբ առկա կրիպտոարժույթի վերաբերյալ։
Մի շարք ուսումնասիրություններից, պարզաբանումներից և հրապարակումներից հետո Հանձնաժողովը որոշում է կայացրել Վահե Հովհաննիսյանին ազատել վարչական պատասխանատվությունից՝ հայտարարելով բանավոր դիտողություն։
Հասկանանք, թե ի՞նչն է սխալ լրացրել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մայիսի 20-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր, որտեղ գույքերի սեփականության և դրանց վաճառքի հետ կապված մի շարք խնդիրներ կան։
Հովհաննիսյանը վաճառել է հողամաս, որ տարեսկզբին առկա գույքերի ցանկում անգամ չկա։
Վահե Հովհաննիսյանը տարեսկզբի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք։ Դրանցից մեկը Հրազդանում որպես հյուրատուն շահագործվող այգետնակ-առանձնատունն է, որտեղ, ինչպես մամուլը գրել էր՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն առանց մրցույթի 1 մլն դրամ էր վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով։
Հովհաննիսյանը այս այգետնակը վարձակալությամբ հանձնել է իր ընկերոջը՝ Գրիգոր Խաչինյանին։ Ընդ որում, հիշեցնենք, նույն անձնավորությանը՝ Գրիգոր Խաչինյանին, Վահե Հովհաննիսյանը նախքան ֆինանսների փոխնախարար նշանակվելը 2021-ին վաճառել էր իր հիմնադրած ընկերությունը՝ «Վարդենի» ՍՊԸ-ն։ «Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում նույն այդ հյուրատան շահագործողն է։
Նշենք նաև, որ Հովհաննիսյանը Հրազդան քաղաքում գտնվող այգետնակի ձեռքբերման տարեթվերն առաջին և հաջորդ հայտարարագրերում տարբեր է նշել՝ 2020 թ․ և 2015 թ․։


Վահե Հավհաննիսյանի արձագանքը այս տեղեկություններին․
««Վարդենի» ՍՊԸ-ն իմը չէ». հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
««Վարդենի ՍՊԸ»-ն վարձակալում է ինձ պատկանող այգետնակը, որտեղ իրականացնում է գործունեություն»,- ասել է նա՝ անդրադառնալով հրապարակումներին, որ իրեն պատկանող հյուրատանը ֆինանսների նախարարությունը վերապատրաստման միջոցառում էր կազմակերպել։
Ինչ վերաբերում է ՍՊԸ ղեկավար Գրիգոր Խաչինյանին, նախարարը նշեց, որ ճանաչում է նրան. «Իմ ընկերն է»։
Հովհաննիսյանը Հողամասը չէր հայտարարագրել, սակայն վաճառել էր 100 հազար դրամով կրկին ընկերոջը՝ Գրիգոր Խաչինյանին, և չգիտես թե ինչպես տարեվերջին անշարժ գույքերի ցանցկից անհետացել էր այգետնակը։ Հարկ է նշել, որ այդ հողամասը չի կարող լինել նույն այգետնակ-առանձնատունը, քանի որ այս տարվա մայիսի 2-ի իր ասուլիսում նա հայտարարել է, որ «այգետնակը շարունակում է վարձով տալ»։ Իսկ հողամասի վաճառքի գործարքը, ըստ հայտարարագրի, տեղի է ունեցել 2024-ի օգոստոսի 14-ին։
Հարկ է նշել նաև, որ հայտարարագրված բնակարանն էլ իր խնդիրներն ունի․
Վահե Հովհաննիսյանը վերջին տարիներին է հիշել, որ 2004 թվականին բնակարան է ձեռք բերել, մինչ այս օրինակ՝ 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում այդ մասին ոչինչ չկա գրված։ Միայն 2024 թվականին է Ֆինանսների նախարարը տեղեկացել այդ մասին։ Սա ենթադրում է, որ նախարարը նրբորեն թաքցրել է բնակարանը, կամ կրկին սխալ է լրացրել այն։
Տրանսպորտային միջոցների բաժնում առկա անհամապատասխանությունը․
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախորդ տարի հայտարարագրել էր 2020-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը 2025 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ դարձել է «բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց»։ Նախարարը նաև HONDA մակնիշի մոտոցիկլ ունի 2012 թվականից ի վեր ձեռք բերված։


Սեփական հայտարարագիրը սխալներով լրացրած նախարար Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 153 հազար դրամ, որը մեկ տարվա ընթացքում աճել է 3 մլն դրամով։
Կանխիկ դրամական միջոցները կազնել են 100 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 20 մլն 737 հազար դրամ, որից 19 մլն 478 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ֆինանանսերի նախարարությունից, իսկ 1 մլն 258 հազար դրամը վարձակալություն է «ՎԱՐԴԵՆԻ»-ից, որը նախարարի վարձով հանձնված այգետնակն է։
Նախարար միայն այս տարի է «ՎԱՐԴԵՆԻ»-ից ստացել վարձակալության դիմաց ստացված եկամուտ։
Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար նախարարը վճարել է 5,5 հազար դոլար։
Վահե Հովհաննիսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
Էմմա Միքայելյան





























