2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց դպրոցաշինության ծրագրի ընթացքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շահագործման պատրաստ կլինի 308 դպրոց, որոնցից 139-ը՝ նոր կառուցված, իսկ 169-ը՝ կապիտալ նորոգված։
«Այս պահին աշխատանքները ավարտված են 60 դպրոցներում, որոնցից 35-ը նոր կառուցված, 25-ը՝ նորոգված։ Մինչև տարեվերջ կավարտվեն ևս 50 դպրոցի աշխատանքները՝ 8 նորակառույց և 42 նորոգվող։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվի ևս 151 դպրոց, իսկ մինչև տարվա ավարտը՝ ևս 47 նորակառույց։ Այսպիսով, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը պատրաստ կլինի 308 դպրոց»,- նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ դպրոցաշինության ընդհանուր ծրագրի բյուջեն կազմում է 385 միլիարդ դրամ, որից արդեն իրացված է շուրջ 155 միլիարդ դրամը։ Նա ընդգծեց, որ կապիտալ ծախսերի կատարողականն աճել է մի քանի անգամ՝ հասնելով այն մակարդակի, երբ մեկ եռամսյակում իրականացվում է այնքան ծախս, որքան նախորդ տարիներին՝ մեկ ամբողջ տարվա ընթացքում։
«Սա չի լինի դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրների ամբողջական լուծումը, քանի որ տարիների ընթացքում մաշված ենթակառուցվածքներն ու սահմանափակ ֆինանսավորումը բերել են ավելի մեծ ծավալի խնդիրների։ Այդ պատճառով արդեն պատրաստում ենք հաջորդ՝ ևս 300 դպրոցների կառուցման ծրագիրը»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրով շահառու են լինելու հանրակրթության համակարգի մոտ 107 հազար սովորողներ, ինչը կազմում է ընդհանուր աշակերտների շուրջ մեկ երրորդը։
«Ծրագրի արդյունքում այս երեխաները կսովորեն արդիական, ժամանակակից պայմաններում, և նրանց թիվը առաջիկայում բնականաբար կավելանա»,- ասաց Անդրեասյանը։























































































