Քաղաքական նպատակներով իրականացվող տնտեսական ճնշումները Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին դարձել են օրինաչափ երեւույթ, իսկ դրանց ամենաաղմկահարույց օրինակներից մեկն առնչվում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող բիզնեսներին։ Պետությունը կառավարիչ է ուղարկել՝ ՀԷՑ-ը բարեփոխելու, մինչդեռ պետության կառավարման ներքո գտնվող ԲԷՑ-ում (Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր) խայտառակ խախտումներ են գրանցվում:
Նախ տեղեկացնենք, որ ԲԷՑ-ը պատկանում է Կառավարությանը եւ համարվում է էլեկտրաէներգիա փոխանցող ցանց (220 կՎ), իսկ ՀԷՑ-ը, որ պատկանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին, էլ. էներգիայի բաշխիչ ցանց է (110 կՎ եւ ցածր): ՀԷՑ-ի միջոցով է սպառողը էլեկտրաէներգիան ստանում: Այսինքն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) եւս ռազմավարական նշանակության ընկերություն է, սակայն այնտեղ միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել: Աուդիտորական եզրակացության ուսումնասիրությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աղաղակող լուրջ իրավախախտումներ կան ընկերության գործունեության մեջ:
Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2,6 մլրդ դրամ է կազմում (պետական կամ ազգային ԲԷՑ-ում) վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը, որը հրապարակել էր նաեւ «Սիվիլնեթը»: Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։
Պարզվում է՝ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը 1,4 մլրդ դրամի չափով։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր եւ քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի դրանից, կան նաեւ վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։
Ուսումնասիրելով գործերը՝ պետք է արձանագրել, որ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամը։
Բայց դա չի խանգարել նախկին տնօրեն Հայկ Հարությունյանին (որը պաշտոնը ստանձնել է 2018-ին), ինչպես նաեւ գործող գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանին (որը 2023-ից է ղեկավարում ԲԷՑ-ը) տարբեր որոշումներով հիմնարկության ղեկավար կազմի աշխատավարձերը եւ պարգեւատրումները մեծացնել։ Համեմատության համար նշենք, որ հեղափոխությունից 1 տարի անց՝ 2019-ին, աշխատավարձերի եւ պարգեւատրումների ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, իսկ 2024-ին այդ թիվը արդեն 114 մլն դրամ էր (մոտ 33 տոկոսով ավելի)։ Սակայն Փաշինյանի իշխանության աչքից այս աղաղակող փաստերն ու պետությանը հասցված վնասի չափերը վրիպում են:
ԱԺ նախագահի օգնականը հայտարարագիրը սխալ է լրացրել. 1 տունը վաճառել մի քանի անգամ
Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ դատավորների քրեական մասնագիտացման, դատավորների հավակնորդների քննությանը մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, ով անգամ իր սեփական հայտարարագիրը սխալներով է լրացրել։
Նախկինում հանրային պաշտպան Կարլեն Գրեյանը 2024 թվականի հունիսի 10-ից նշանակել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, նրա՝ 2024 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի օգնականը տարեսկզբին ունեցել է համատեղ սեփականությամբ 2 անշարժ գույք՝ բնակարան, որից 1-ը Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, մյուսը՝ Գյումրիում. բնակարանները, համապատասխանաբար, ձեռք են բերված 2021 եւ 2022 թվականներին։
Գրեյանը նախկինում հայտարարագիր է ներկայացրել՝ լինելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ընտանիքի անդամ: Այդ շրջանում է նա 25 մլն 563 հազար դրամով գնել Երեւանում գտնվող բնակարանը, որից մեկ տարի անց Գյումրիում գնել է բնակարան՝ ընդամենը 2 մլն դրամով։ Այս գործարքը կարելի է որակել «կասկածելի», քանի որ բնակարան ձեռք բերելու համար 2 մլն դրամ վճարելը շատերի երազանքն է։
Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գրեյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ձեռք է բերել հողամաս՝ 1,2 մլն դրամ արժողությամբ։
2024 թվականին նա վաճառել է Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որի մասին խոսք անգամ չի եղել ո՛չ տարեսկզբին, ո՛չ տարիներ առաջ ներկայացված հայտարարագրում։ Տան սեփականությունը փաստող տվյալ չկա, այն հայտնվել է Գրեյանի օտարված գույքերի ցանկում գրեթե ամեն տարի։
2024 թվականին 1,9 մլն դրամով անհատական բնակելի տունը Գրեյանը վաճառել է Սարո Գալուստի Տեփանյանին։
2023 թվականին նույն անհատական բնակելի տունը 1,7 մլն դրամով վաճառել է Ջուլիետա Սամվելի Գրեյանին։
2022 թվականին 2,5 մլն դրամով վաճառել է կրկին Սարո Գալուստի Տեփանյանին։
Իսկ, ահա, 2021 թվականի հայտարարագրում անհատական բնակելի տան մասին որեւէ հիշատակում չկա։ Հետաքրքիր է՝ այդ ինչպես է ստացվել, որ ԱԺ նախագահի օգնականը 1 անհատական բնակելի տունը երեք անգամ վաճառել է բավականին էժան գնով. գործարքի մասին հիշատակումից կարելի է ենթադրել, որ այն վաճառվել է մաս-մաս։
Ուշագրավ է, որ ոչինչ չկա հիշատակված այն մասին, որ անհատական բնակելի տունը Գրեյանին է պատկանում:
Գրեյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Opel եւ Nissan մակնիշի։
2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Opel-ը ձեռք է բերվել 2019 թվականին, իսկ Nissan-ը 2023 թվականին՝ 5,2 մլն դրամով։
Կարլեն Գրեյանի բանկային ավանդները կազմել են 1,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 438 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ նվազել են՝ 3,5 մլն դրամից դառնալով 2,5 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 862 հազար դրամ, որից 5 մլն 406 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից, 9 հազար դրամը՝ Երեւանի «Մենեջմենթի» համալսարանից, 2 մլն 517 հազար դրամը՝ ՀՀ Փաստաբանների պալատից։
Գրեյանը, որպես եկամտահարկի վերադարձ, ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 829 հազար դրամ։ Եկամուտներից 1,2 մլն դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտն է, 1,9 մլն դրամը՝ գույքի վաճառքից ստացածը։
Կարլեն Գրեյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 75 հազար դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Մամուլում ակտիվ շրջանառվում է նաեւ, որ ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման՝ Կ. Գրեյանը 2021 թվականին եւս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր եւ չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր։
Հոգեւորականների գործերով վերաքննիչում հետաքրքիր զարգացումներ են սպասվում
Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի 12 հոգեւորականներ, ինչպես նաեւ թեմի երեք վարչական աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Նրանց մի մասը հետագայում ազատ է արձակվել, իսկ մի քանիսը գտնվում են կալանքի տակ։
Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված մի քանի հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։ Ձերբակալվել էր նաեւ Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը. վերոնշյալ հոգեւորականներից երեքը մինչ օրս մնում են կալանքի տակ։
Ներկա պահին կալանքի որոշումների բողոքարկումները գտնվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ սպասվում են հետաքրքիր զարգացումներ։
«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբանների հետ զրույցում պարզել է, որ հոգեւորականների կալանավորումը հիմնված է ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա։ Փաստաբանների կարծիքով՝ դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի կալանքի որոշումները՝ կիրառելով խափանման այլ միջոցներ, քանի որ հակառակ դեպքում ընթացող գործընթացները հնարավոր չէ իրավական անվանել։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում բյուջետային լսումների ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ ՀՀ-ում ներկայումս ավելի շատ կալանավորներ կան, քան դատապարտյալներ։ Սա վկայում է այն մասին, որ հաճախ մարդկանց, դեռեւս չապացուցված մեղքով, կալանքի են տանում, եւ միայն դրանից հետո է սկսվում դատաքննությունը, որի ընթացքում շատ գործեր ավարտվում են արդարացումներով կամ կալանավորների ազատ արձակումով։
Իրավապաշտպանները եւ փաստաբանները հույս են հայտնում, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի կալանքի իրավական հիմնավորումների բացակայությունը եւ կկայացնի արդար եւ համաչափ որոշում։
ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների` Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ հարաբերությունների լարվածությունը երեկ իր պիկին է հասել: Բանն այն է, որ երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն. քննարկումը փակ դռների հետեւում պետք է կայանար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը պահանջել է, որ բոլոր համակարգիչները, իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից: Սակայն ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում իր նոթբուքը դրսում թողնել: Դռնփակ նիստից մեզ մանրամասներ հասան, որ բոլոր պաշտոնյաների ներկայությամբ վաղեմի «թշնամի» դարձած Սարգսյան-Քոչարյան զույգը լեզվակռվի է բռնվել: Նիստը չի շարունակվել այնքան ժամանակ, մինչեւ Հայկ Սարգսյանը, զայրացած, լքել է նիստերի դահլիճը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը տեւական ժամանակ է ամեն բան անում է Քոչարյանին զսպելու համար, ՔՊ-ական տարբեր միջավայրերում, անգամ Փաշինյանի առջեւ բողոքում է Քոչարյանի վարքից, բայց ապարդյուն: Քոչարյանը կոշտ խոսույթով է շփվում Սարգսյանի հետ, ակնհայտ արհամարհում նրան:
Ի դեպ, Քոչարյանը ակնհայտ արհամարհանքով է վերաբերվում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. անգամ հոկտեմբերի 27-ին նվիրված հուշահամալիրի մոտ նա քամահրանք է դրսեւորել ԱԺ նախագահի հանդեպ, նույնիսկ չի բարեւել նրան: Քոչարյանը չի ընդունում Ալեն Սիմոնյանի այն որոշումը, որ մերժեց քննել 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ ուղարկելով այն ԱԺ առաջին բաժին՝ արխիվացման: Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանի կառավարմանը բան չի մնացել, ու հաջորդ խորհրդարանում ինքն իր զեկույցը կներկայացնի լիագումար նիստերի ժամանակ:
Իսկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. նրան կուղարկեն արխիվ՝ զեկույցի հետեւից:



















































































